: Դերասան Վարդան Պետրոսյանը «Սկիզբ» գրքում պատմում է իր կալանավորման, բանտարկության, դատավարության, այնուհետև համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ Ֆրանսիայում անցկացրած օրերի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին, լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանն ասաց, որ գիրքն ունի երկու պատում՝ մեկը Պետրոսյանի կալանքի պատմությունն է, մյուսը՝ համաշխարհային համաճարակը: «Ես համադրում եմ այդ նյութերը՝ հարցադրմամբ՝ եթե իմ կալանքն իմ կյանքում շրջադարձային եղավ և հիմք դրեց մի նոր սկզբի, և ես կարծես այդ ամենից հետո վերսկսեցի իմ կյանքը, արդյոք նույն բանը կկատարվի՞ մարդկանց հետո կորոնավիրուսից հետո: Գիրքը գրել եմ այն ժամանակ, երբ մարդկությունն ինքնամեկուսացել էր տներում: Սա կարող էր նոր սկիզբ դառնալ: Հենց դա է պատճառը, որ գիրքն անվանեցի «Սկիզբ»: Այն սկսում է «վերջ» բառով և ավարտվում է «սկիզբ» բառով»,-պատմեց Պետրոսյանը:

Դերասանի խոսքով՝ մինչ հրատարակվելը գիրքը հասանելի է եղել համացանցում: Երբ համացանցում հայտնվել են առաջին մի քանի գլուխները, դերասանը բազմաթիվ նամակներ է ստացել: «Հոլանդիայից մի երիտասարդ կին գրեց, որ գիրքն իր հոգու ցավերի համար հենարան է եղել: Չեմ մտածում այն մասին, թե քանի մարդ կկարդա այն, կհավանեն, թե ոչ: Գրում եմ այն, ինչ սրտիցս է բխում, այնպես, ինչպես սիրտս է թելադրում: Միակ մխիթարանքս այն է, որ ինչ-որ մեկին այն ինչ-որ բան կտա: Այդ կինը գրել էր, որ շատ բան է ստացել: Նա նշել էր, որ միշտ շատ լավ է երգել, սակայն վերջին տարիներին դադարել է  դա անել, իսկ գիրքն ընթերցելուց հետո կրկին երգում է»,-ասաց Պետրոսյանն ու ավելացրեց, որ շատերը կարող են անտարբեր լինել, կլինեն մարդիկ, որոնց համար գրքում գրված ինչ-որ տողը գուցե շրջադարձային լինի:

«Սկիզբ» գրքի հերոսները Վարդան Պետրոսյանի կալանքի ընկերներն են, որոնց դերասանը կալանքի եղբայրներ է համարում: «Երբ ասում ենք կալանքի եղբայր, երբեմն վայրի մարդկանց ենք պատկերացնում, զինված և այլն, այնինչ այդպես չէ. նրանք շատ լավն են ու գեղեցիկ: Ինձ մխիթարում է նաև այն, որ ես նրանց կյանքը, նրանց պատմությունն եմ ներկայացնում: Նրանց համար մխիթարություն եմ դարձել, նրանց խոսնակը, նրանց խնդիրները դուրս հանողը, ինչը շատ կարևոր է: Ես նկատի չունեմ միայն իմ կալանքի ընկերներին, այլև այն մարդկանց, որոնք երկար տարիներ դաժանորեն ապրում են ծանր ու դժվար պայմաններում, որը կոչվում է կալանք: Շատ հաճախ նրանք անարդարացի են այնտեղ հայտնվում»,-ընդգծեց Վարդան Պետրոսյանն ու շեշտեց, որ լուսավոր լեզվով է խոսում կալանավորների մասին:

Գրքում առկա է վավերագրական մոտեցումը, սակայն Պետրոսյանը չի բավարարվել միայն փաստերի արձանագրումով և միշտ իր ներկայությունն ու մեկնաբանությունն է տվել՝ շատ բան թողնելով ընթերցողին:

«Սկիզբ» գրքում զետեղվել են նաև հեղինակի՝ տարբեր շրջաններում արված նկարները, որոնք առավել հարուստ ու լիարժեք են դարձնում Պետրոսյանի խոհերն ու ապրումները:

«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանն էլ նշեց, որ  հետևում է Վարդան Պետրոսյանի և՛ թատերական, և՛ գրական գործունեությանը: «Մեր աշխատակիցները փնտրում են գործեր, որոնք կարող են վերածվել գրքի: Ծանոթանալով Պետրոսյանի ստեղծագործություններին՝ որոշեցին նախ հրատարակչության խմբագրակազմին, այնուհետև հեղինակին առաջարկել գրքի վերածել ձեռագրերն ու զետեղել նաև Պետրոսյանի նկարազարդումները: Ինձ  գրավել են հեղինակի՝ կալանքի և կորոնավիրուսի շրջաններում ներկայացված ապրումները: Պետրոսյանը շատ հետաքրքիր է գրում՝ թեթև, հումորով և ամենևին վիշտը չի բարդում ընթերցողի վրա՝ փոխանցելով դասեր: Դրական գիրք է»,-եզրափակեց «Զանգակի» գործադիր տնօրենը:

 

 

 

 

 

231