Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն դիտարկում է վաղաժամ կարիերան ավարտելու տարբերակը սրտի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Catalunya Radio-ն։
Ագուերոն հոկտեմբերի 30-ին ժամանակից շուտ լքել է խաղադաշտը Իսպանիայի առաջնության «Ալավեսի» հետ հանդիպմանը։ «Բարսելոնան» հայտնել է, որ Ագուերոն կրծքավանդակի ցավեր է ունեցել, ինչի պատճառով էլ նրան ուղարկել են հիվանդանոց։ Նշվում էր, որ 33-ամյա արգենտինացին բաց կթողնի առնվազն երեք ամիս։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ագուերոյի թեստերի արդյունքները ցույց են տվել, որ խնդիրը կարող է «շատ ավելի լուրջ» լինել, քան նախկինում ենթադրվում էր, և հենց խաղացողին բժիշկներն առաջարկել են ավարտել կարիերան՝ սրտի առիթմիայի պատճառով։ Զեկույցում, որը գտնվում էր կատալոնական ռադիոկայանի տրամադրության տակ, ասվում է, որ խաղացողի վիճակը գնահատվում է ծանր, իսկ առկա պաթոլոգիան կարող է «անհամատեղելի» լինել պրոֆեսիոնալ սպորտի հետ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մայիսի 31-ին հայտարարել է, որ բանակցություններ է վարել Ագուերոյի հետ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ Հարձակվողը կատալոնական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվել է հունիսին։