![](https://araratnews.am/admin/images/1600264213.jpg)
Խաղող վերամշակող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում ամբողջացվել են առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված տնտեսվարողների կողմից ներկայացված առաջարկությունները: Araratnews.am-ին ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:
Հիմնական խնդիրներից են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ պատրաստի արտադրանքի իրացման ծավալների նվազումը, ֆինանսական մուտքերի կրճատումը և ազատ պահամանների սակավությունը։
Խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու, խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանները բարելավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու նպատակով, հաշվի առնելով նաև վերամշակողների առաջարկությունները, Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և կառավարության կողմից ընդունվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը։
Միջոցառման շրջանակներում էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով խաղողի մթերման նպատակով վարկերը կտրամադրվեն 0 տոկոս տոկոսադրույքով:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում խաղող աճեցնողները բողոքում են մթերման գներից, այն անորոշությունից, որն առաջացրել են մթերողները:
Նախարարի խոսնակի տեղեկացմամբ՝ վարկը տրվելու է 2 տարի մարման ժամկետով և մայր գումարի մարման մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետով։ «Խաղողի մեծաքանակ մթերումներ իրականացնելու նպատակով բարձրացվել է նաև տրամադրվող վարկերի չափը՝ մինչև 3 մլրդ դրամ»,- մանրամասնեց Աննա Օհանյանը:
Բացի այդ՝ տեխնոլոգիական սարքավորումներ, հումքի և արտադրանքի պահման տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ ձեռք բերելու նպատակով էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ, և գյուղատնտեսական հումքի վերամշակում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող լիզինգի չափը 450.0 մլն դրամից ավելացվել է մինչև 1.0 մլրդ դրամ։
Նախարարությունը կաջակցի նաև կոնյակ եւ սպիրտ իրացնողներին: «Սույն թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը 100 հազար լիտրը (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող չափով կոնյակ և կոնյակի սպիրտ իրացնող, այդ թվում՝ արտահանող տնտեսվարողների համար նախատեսվել է ցուցաբերել լրացուցիչ աջակցություն՝ իրացման ծավալից կախված»,- մանրամասնեց Աննա Օհանյանը:
Մթերման գործընթացը կանոնակարգելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունը կատարվել է ընթացիկ տարվա խաղողի մթերման ծավալների մոնիթորինգ, ըստ որի՝ մթերող ընկերությունները պատրաստակամ են մթերելու շուրջ 177.0 հազար տոննա խաղող։
Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, որոնցից բողոքում էին խաղող աճեցնողները, էկոնոմիկայի նախարարության հարցումների համաձայն՝ կոնյակի արտադրության նպատակով գնվող խաղողի գները տատանվելու են 135-155 դրամի միջակայքում, իսկ գինու արտադրության նպատակով խաղողը կգնվի համեմատաբար ավելի բարձր գներով:
Նախորդ տարիներին արտադրված և մթերված խաղողի ծավալների վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերամշակվում է արտադրվող տեխնիկական սորտի խաղողի բերքի մինչև 75%-ը։ «Հաշվի առնելով, որ խաղողի կանխատեսվող բերքի 75%-ը շուրջ 130 հազար տոննա, է իսկ վերամշակողների մթերման պահանջարկը՝ շուրջ 177.0 հազար տոննա՝ ընթացիկ տարվա խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,- հավաստիացրեց Աննա Օհանյանը:
Նախարարի խոսնակը հիշեցրեց՝ էկոնոմիկայի նախարարությունը չի կարող ազդել գնագոյացման վրա: