Կիոտոյի   համալսարանի  գիտնականները ստեղծել են պաշտպանիչ դիմակ, որը փայլում է, երբ դրան դիպչում են կորոնավիրուսի մասնիկներ։ Այս մասին հայտնում է Kyodo News-ի ճապոնական հրատարակությունը։

Գիտնականները նկատել են, որ ջայլամներն ունակ են արտադրել մի քանի տեսակի հակամարմիններ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա օտար մարմինները։ Այնուհետ մասնագետները լաբորատոր ջայլամների օրգանիզմ են ներարկել COVID-19-ի ապաակտիվացված մասնիկներ։ Փորձի արդյունքում նրանք մեծ քանակությամբ հակամարմիններ են հանել թռչունների ածած ձվերից։

Ստացված նյութի հիման վրա բժիշկները լյումինեսցենտային ներկով մշակված պաշտպանիչ ֆիլտր են ստեղծել և տեղադրել դիմակի մեջ։ Նշվում է, որ վիրուսի մասնիկների հետ շփման դեպքում դիմակի մակերեսը կփայլի ուլտրամանուշակագույն սպեկտրում։ Տասը օրվա ընթացքում ճապոնացի մասնագետները թեստավորել են կորոնավիրուսով վարակված 32 հիվանդի և նկատել, որ հետազոտության մասնակիցների կրած բոլոր դիմակները արձագանքում են ուլտրամանուշակագույն ճառագայթմանը։ Դրանից հետո հետազոտողները խմբի չափը հասցրել են 150 հոգու։

«Ապագայում մենք ցանկանում ենք դիմակը վերածել թեստավորման պարզ գործիքի, որը յուրաքանչյուրը կարող է օգտագործել», – ասել է խմբի ղեկավար Յասուհիրո Ցուկամոտոն:

Նա նաև նշել է, որ  նման դիմակները  կարելի կլինի վաճառել էժան գնով։

1611