2020 թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պահվող զոհված 108 զինծառայողների ծնողների հիմնական մասը հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված զինծառայողների մարմինները: Այս մասին ի պատասխան Zarkerak.am-ի հարցման հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այդ ծնողների հետ ամենօրյա ռեժիմով իրականացվում են համապատասխան աշխատանքներ: «Վերջիններս իրենց հարազատներին հրաժարվում են հուղարկավորել՝ պատճառաբանելով, որ կարծում են անձը գտնվում է ենթադրյալ գերության մեջ, պահանջում են կատարել կրկնակի դատագենետիկական փորձաքննություն, այդ թվում՝ իրականացնել ԴՆԹ նույնականացում մյուս հարազատների հետ, կամ ցանկանում են արտերկրում կրկնակի դատագենետիկական փորձաքննություն»:
Նա նաև հայտնել է, որ 2021 թ-ի օգոստոսի 16-ին թվով 53 բարդ փորձանմուշ դատագենետիկական փորձաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է Հոլանդիա, որոնց պատասխանները ստացել են:
Ըստ այդմ՝ 53 փորձանմուշներից 44-ը նույնականացվել է նախկինում արդեն նույնականացված մարմիններին, 5 փորձանմուշ որևէ ծնողի ԴՆԹ նմուշի հետ չի նույնականացվել, 2 փորձանմուշով նույնականացվել է մեկ նոր անձ, 2 փորձանմուշով ԴՆԹ պրոֆիլ հնարավոր չէ ստանալ:
Բացի այդ՝ ևս 47 բարդ փորձանմուշ դատագենետիկական փորձաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է Հոլանդիա, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել:
Վարդանյանը նաև հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կամ մտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»:
Մենք նաև հետաքրքրվել էինք դեռ այս տարվա հունիսին ՔԿ-ում հարուցված երկու քրեական գործերով, որոնք հարուցվել էին դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ: ՔԿ-ից այս առնչությամբ հայտնել են, որ ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտա-գործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչությունում:
ՀՀ Քննչական կոմիտեի պատասխան նամակը ներկայացնում ենք ստորև՝