
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ծնկի է եկել» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջ։ Այս մասին ասվում է The Washington Times-ի հոդվածում։
«Բայդենն ասաց, որ կարժանանա Պուտինի հարգանքին: Իրականում, նա թույլ փորձեր է անում, որպեսզի Պուտինի հետ գործարք կնքի»,- գրում են հոդվածի հեղինակները:
Ըստ լրագրողների՝ հերթական բանակցությունների ժամանակ Սպիտակ տան ղեկավարը լուրջ զիջումների է գնացել Մոսկվայի հետ, քանի որ հրաժարվել է բանակ և հրթիռային զենք տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Բայդենը «մեծ աշխարհաքաղաքական նվեր» է արել Ռուսաստանին՝ չեղարկելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի պատժամիջոցները, կարծում են հոդվածագիրները։
Ավելին, ԱՄՆ գործող նախագահի պատերազմը երկրի ներսում էներգետիկ ընկերությունների հետ խթանում է մոսկովյան նավթարդյունաբերությունը, որը ռեկորդային չափով մեծացրել է վառելիքի արտահանումը ԱՄՆ, նշվում է հոդվածում։
«Պարոն Պուտինն առավելություն ունի ամերիկացի առաջնորդի նկատմամբ, և նա գիտի այդ մասին։ Բայդենի վարչակազմի միակ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ թուլության քաղաքականությունն է»,- ամփոփել են հեղինակները։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել դեկտեմբերի 31-ի գիշերը։ Կրեմլի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով «լայնածավալ պատժամիջոցներ» կիրառելու պատրաստակամության մասին։ ՌԴ ղեկավարն արձագանքել է՝ ասելով, որ դա մեծ սխալ կլինի. այս դեպքում կարող է հաջորդել երկրների միջև հարաբերությունների ամբողջական խզումը։
Մարիամ Գևորգյան