
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը նվիրված է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին։ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Ղազախստանում անկարգությունների զոհերի։
Նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ քննարկվում է շատ լուրջ հարց, որը մտահոգիչ է բոլորի համար։
«Հնարավորինս արագ համաձայնեցվեցին եղբայրական ղազախ ժողովրդին օգնություն ցուցաբերելու համատեղ քայլերը, և ՀԱՊԿ մեխանիզմն իրոք ներգրավվեց։ ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ ուժերն ուղարկվել են Ղազախստան, և ես ուզում եմ դա ընդգծել սահմանափակ ժամկետով՝ այնքան ժամանակով, որքան Ղազախստանի պետության ղեկավարը հնարավոր է համարում դրա օգտագործումը»,- ասաց Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով, առաքելության ավարտից հետո, բնականաբար, ՀԱՊԿ ողջ զորախումբը դուրս կբերվի երկրից, և Ղազախստանում ՀԱՊԿ կոնտինգենտի հրամանատար գեներալ Սերդյուկովը գիտի իր գործը։ Պուտինը նշեց, որ ստեղծված իրավիճակից օգտվեցին կործանարար ուժերը։
«Ղազախստանում մենք տեսնում ենք միջազգային ահաբեկչության ագրեսիա, զինյալները վերապատրաստումներ և թեժ կետեր են անցել։ Ղազախստանի իրադարձությունները դրսից միջամտելու առաջին և վերջին փորձը չեն»,- ընդգծեց Պուտինը։
Նա եզրափակեց, որ Ղազախստանում իրավիճակը աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։
Մարիամ Գևորգյան