
Ասօր լրանում է Արմեն Սարգսյանի` հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետը: Ինչպես Araratnews-ին հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, մինչ այս պահը նախագահը դիմումը հետ չի վերցրել.
«Դիմումի հետվերցման բացակայության պարագայում վաղվանից կկազմվի համապատասխան արձանագրություն, որից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակավորապես կփոխարինի Հանրապետության նախագահին»,- փոխանցեց Ծովինար Խաչատրյանը` հավելելով, որ խորհրդարանում կսպասեն մինչև օրվա ավարտը, որից հետո կկազմվի համապատասխան արձանագրություն:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում որոշվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին:
Նշենք, որ ըստ օրենքով սահմանված կարգի` Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո (փետրվարի 17-27) անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը (80 պատգամավոր):
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը (65 պատգամավոր):
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Հասմիկ Գրիգորյան