
Այսօր` սեպտեմբերի 26-ին, ծնվել է հայ մշակույթի մեծ երախտավոր, կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, հասարակական հզոր եռանդի տեր արվեստագետը` Կոմիտասը:
Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը) ծնվել է 1869 թվականին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Մեկ տարեկանում նա զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։
1890 թվականին նա դառնում սարկավագ, 1893 թվականին` ավարտում Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կոմիտասի կոթողային երկը Պատարագն է, որի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց չհասցրեց ավարտին հասցնել՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսման պատճառով։ Պատարագը առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին՝ Փարիզում, իսկ առաջին անգամ ձայնագրվել 1988 թվականին՝ Երևանում։ Կոմիտասը առաջին ոչ եվրոպացին էր, որ ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։
1910 թվականից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է «Գուսան» 300 հոգանոց երգչախումբը։ Փարիզյան կոնգրեսում Կոմիտասի ելույթը նրա վերջին հրապարակային ելույթներից էր:
1915 թ. ողբերգական իրադարձությունները և աքսորի ճանապարհին կրած անլուր տառապանքները նրան հոգեկան ծանր վիճակի հասցրին: Նա տեղափոխվում է Փարիզ, որտեղ էլ մահանում է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխում են Երևան՝ հայ մշակույթի խոշորագույն գործիչների պանթեոն:
Կոմիտասին սիրում և գնահատում են ամենուր.
2020 թվականին Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղադրվեց Կոմիտաս վարդապետի արձանը։
2003թ. Հայոց ցեղասպանության տարելիցը Ֆրանսիայի մայրաքաղաքում նշվեց Կոմիտասի արձանի բացումով:
«Կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1 500 000 հայերի հիշատակին» մակագրությամբ արձանը տեղադրվել է Փարիզի «Կանադա» հրապարակի մի ծառուղում` Էյֆելյան աշտարակից 500 մետր հեռու:
Քանդակագործ, Փարիզում բնակվող Դավիթ Երևանցու կերտած բրոնզե արձանը գտնվում է Շառլ դը Գոլի, Չերչիլի, Կլեմանսոյի արձանների հարևանությամբ:
Կոմիտասի և 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը գտնվում է Ջեֆերսոն ավենյուում՝ Ռենեսանս կենտրոնից ոչ հեռու: Բրոնզե արձանը Դեթրոյթում կանգնեցվել է 1980-ին Ասսարյան Ֆաունդեյշնի և Հայկական հուշարձանների կոմիտեի նախաձեռնությամբ հանգանակված միջոցներով: Հուշարձանի հեղինակը հայտնի կանադահայ քանդակագործ Արտո Չակմակչյանն է:
Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում 1988 թվականին տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը : Քանդակագործը Արա Հարությունյանն է: