Araratnews.am-ը զրուցել է Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ

Պարոն Ճաղարյան  ավելի քան 4 ամիս է հանդիսանում եք Իջևան համայնքի ընտրված ղեկավար: Ինչ ծրագրեր եք հասցրել իրականացնել այս ընթացքում:

Հիմնականում զբաղված ենք եղել նոր խոշորացված համայնքի ձևավորմամբ, Իջևանի և  18 բնակավայրերի աշխատանքների սինխրոնացմամբ: Համայնքապետարանի աշխատանքները կրում են այնպիսի բնույթ, որ դրանք հատկապես ձմռանը կողքի աչքի համար  նկատելի չեն լինում,որովհետև չի կատարվում կանաչապատում կամ շինարարություն: Դրանք նկատելի են  գարուն-աշուն ժամանակահատվածում: Ձմռանը կարելի է ասել կատարում ենք աշխատանքների պասիվ, նախապատրաստական փուլը, ընդունում բյուջե, կազմում հաստիքացուցակներ, պլանավորում տարվա ընթացոքւմ կատարվելիք աշխատանքները:Սակայն սա չի նշանակում, թե այս ընթացքում ուրիշ աշխատանք չենք կատարել: Մեր ուշադրության կենտրոնում են եղել համայնքի սոցիալապես անապահով խավը, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված մեր եղբայրների ընտանիքները, կատարվել են ընթացիկ սանմաքրման, ճանապարհների հարթեցման և այլ բնույթի աշխատանքներ:

Խոսեցիք աշխատանքների պլանավորման մասին:  Ինչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել այս տարվա ընթացքում:

Գաղտնիք  չէ, որ համայնքային բյուջեները խնդիր-հնարավորություն համեմատության մեջ բավականին սուղ են: Երևի Հայաստանում չկա համայնք, որ սեփական ուժերով կարողանա լուծել կապիտալ ներդրումների հարցը: Ելնելով դրանից` բավականին ակտիվ աշխատում ենք կառավարության, դոնոր կազմակերպությունների և մեր մյուս գործընկերների հետ: Ճանապարհաշինության և բնակֆոնդի արդիականացման մասով սուբվենցիոն ծրագրեր ենք ներկայացրել կառավարությաը, ֆրանսիայի Վալանս քաղաքի հետ քննարկում ենք մշակութային կամ տուրիզմի ոլորտներում մեծածավալ ծրագիր, մոտ օրերս համայնքապետարանին արդեն հասանելի կլինեն դեռևս անցած տարի  ՀՏԶՀ հետ կնքված պայմանագրի արդյունքում ձեռք բերված գույքն ու տեխնիկան:

Վերջերս մամուլում բավականին ակտիվ քննադատություն է հնչում Ձեր և համայնքապետարանի գործունեության վերաբերյալ: Ինչպես եք վերաբերվում դրանց և առհասարակ քննադատությանը:

Ընդհանրապես համայնքապետի և համայնքապետարանի աշխատանքը լավ պատկերացնող մարդը գիտի, որ սա իրենից ներկայացնում է ինքնաքննադատության մի մեծ շղթա: Մենք վեր ենք հանում տարբեր խնդիրներ, կազմակերպում քննարկումներ, գտնում լուծումներ: Անձամբ ես պատրաստ եմ լսել ցանկացած գործնական առաջարկ, թերացումների մատնանշում և քննարկել առաջարկվող հնարավոր լուծումները: Խնդիրները շատ են:  Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կլինեն նաև բացթողումներ: Այնպես չէ, որ մենք այստեղ զբաղված ենք ինքներս մեզ ծափահարելով: Հետևաբար քննադատությանը վերաբերվում եմ նորմալ: Սակայն մի բան է քննադատությունը, տրամաբանորեն ուրիշ բան` բամբասանքը: Ընթացքի մեջ գտնվող աշխատանքը մեկ օր շուտ որպես բացթողում ներկայացնելը առնվազն արդար չէ: Վերցնել  և փորփրել մի աշխատակցի բարեկամական կապերը և դրա շուրջ հյուսել բազմաթիվ ստերով համեմված մի պատմություն դա էլ բարոյական չէ: Սա ընդունելի կլիներ այն դեպքում, երբ քննարկման առարկա դառնար ոչ թե մարդկանց անձնական կապերն այլ մասնագիտական որակներն ու ունակությունները: Մի խոսքով բամբասանքն ինչ-որ մարդկանց չկայացած ամբիցիաների, ամեն տեղ և ամեն ինչում վատը տեսնելու դրսևորում է, որին քննադատություն չես անվանի:

Աննա Չիբուխչյան

 

 

2074