Ռուս–ուկրաինական ռազմական բախումների ֆոնին ԱՄՆ-ը, Կանադան և Եվրամիությունը արգելել են ռուսական թռիչքուղիներին օգտվել իրենց օդային տարածքից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարության մեջ ասել էր. «Մենք փակում ենք ԵՄ օդային տարածքը ռուսների համար, ինչպես նաև առաջարկում ենք արգելել Ռուսաստանին պատկանող, Ռուսաստանի գրանցումով կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր ինքնաթիռները»:

Նման հայտարարություն է արել նաև Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալղաբրան՝ նպատակ ունենալով Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի վրա հարձակման համար։

Ի պատասխան այս պատժամիջոցների՝ Ռուսաստանը դադարեցրել է ավիաընկերությունների ուղևորությունները դեպի 36 երկիր, այդ թվում՝ ԵՄ 27 երկրներ:

Սակայն մի շարք երկրներ չեն միացել Արևմուտքի` ՌԴ ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներին։ Այսպես, Իսրայելը նախատեսում է ֆինանսական երաշխիքներ տրամադրել իր ավիաընկերություններին Ռուսաստանում գործունեություն ծավալելու համար ի հակադրություն այն հանգամանքին, որ Արևմուտքում բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցնում են իրենց գործունեությունը ՌԴ–ում։ Իսրայելի ֆինանսների նախարարության անանուն աղբյուրը AFP-ին ասել է, որ գրասենյակը կձգտի երկարաձգել նախորդ շաբաթ Ռուսաստան թռչող իսրայելական ավիաընկերությունների համար սահմանված ապահովագրությունը, որոնք գործող պատժամիջոցների պատճառով իրավասու չեն իրենց կանոնավոր ապահովագրության համար, իսկ 2 միլիարդ դոլարի երաշխիքի ժամկետը լրանում էր մարտի 9-ին։ Իսրայելի այս որոշումը միանշանակ չընդունվեց Կիևի կողմից։ Մինչ օրս Իսրայելը Ռուսաստանի դեմ որևէ պատժամիջոց չի սահմանել՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «հարաբերությունները հավասարակշռելու» վարչապետ Նաֆթալի Բենեթի ջանքերի մաս: Իսրայելի ֆինանսների նախարար Մոշե Կահլոնը կիրակի օրը որոշել է տուժած ազգային ավիափոխադրող «El Al»-ին առաջարկել 400 միլիոն դոլարի պետական վարկի երաշխիք՝ պայմանով, որ ավիաընկերությունը համաձայնի մի շարք բարեփոխումների: Ավիաընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարների հսկայական վնասներ է կրել կորոնավիրուսային համաճարակից: Նախարարությունը ֆոնդ է հատկացրել՝ աջակցելու «Israir»-ին և «Arkia»-ին, որոնք հիմնականում թռչում են դեպի Եվրոպա, բայց գումարը չի հրապարակի, որպեսզի վարկերը չվերադարձնելու ռիսկի վերաբերյալ պետության գնահատականը չբացահայտի։

Միջազգային օդային ճանապարհորդությունները ամբողջ աշխարհում են կտրուկ անկում  ապրել կորոնավիրուսային համաճարակի հետևանքով. օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ապրիլի վերջին զեկույցը կանխատեսել է ավիաընկերությունների 80 տոկոսով կրճատում և ավելի քան 300 միլիարդ դոլարի կորուստ:

Թուրքական «Pegasus Airlines»-ը ևս վերսկսում է թռիչքները դեպի Ռուսաստան։ Ավիաընկերությունը ապրիլի 11-ից թռիչքներ կսկսի Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Դեպի Կրասնոդար չվերթերը կվերսկսվեն մայիսի 1-ից։ 2022 թվականի ապրիլի 12-ից «Pegasus Airlines»-ը թռիչքներ կսկսի դեպի «Պուլկովո» օդանավակայան։ Փոխադրողը շաբաթական չորս չվերթ կիրականացնի օդանավակայանների միջև՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Կլինի նաև դեպի Սանկտ Պետերբուրգ–Ստամբուլ չվերթ ըստ ժամանակացույցի։ Թռիչքի ժամանակը կկազմի 3 ժամ 55 րոպե։  Pegasus Airlines-ը թռիչքները կիրագործի Airbus A320 և Boeing 737-800 ինքնաթիռներով:

Հիշեցնենք, որ 2022թ․ մարտի 13-ից Pegasus-ի բոլոր թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են գործառնական ռիսկերի պատճառով։

Այլ է իրավիճակը Եգիպտոսում: EgyptAir-ը շաբաթ օրվանից կվերսկսի իր ամենօրյա ուղիղ չվերթերը դեպի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR): ATOR-ի հաղորդագրության համաձայն՝ EgyptAir-ի ամրագրման համակարգում նշված է, որ չվերթերը կիրականացվեն Cairo International Air-ից։ Կժամանեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: 5 ժամ 25 րոպե տևողությամբ թռիչքը կիրականացվի Boeing 737-800 ինքնաթիռով: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Մոսկվայից Կահիրե միակողմանի չվերթը կարժենա 447 ԱՄՆ դոլար։ ATOR-ն ասել է, որ Եգիպտոսի ազգային ավիափոխադրողը մարտի սկզբին դադարեցրել էր իր թռիչքները դեպի Ռուսաստան «ապահովագրության հետ կապված խնդիրների» պատճառով, սակայն այդ խնդիրները լուծվել են, քանի որ Եգիպտոսի ֆինանսների նախարարությունը հանդես է եկել որպես EgyptAir-ի ինքնաթիռների ապահովագրման երաշխավոր։ Անցյալ շաբաթ Եգիպտոսի խորհրդարանը հաստատեց օրենք, որը թույլ է տալիս ֆինանսների նախարարին տրամադրել EgyptAir ավիաընկերությանը ապահովագրական երաշխիք, որը ծածկում է ռիսկերը, ներառյալ պատերազմները կամ ինքնաթիռների առևանգումը, որոնք կարող են հանդիպել դեպի Ռուսաստան թռիչքներ կատարելիս: «EgyptAir»-ը դեռևս հայտարարություն չի տարածել թռիչքների վերսկսման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ըստ Google Flights-ի, EgyptAir-ը Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան ապրիլի 11-ից ամեն օր Boeing 737 ինքնաթիռով, թռիչք է իրականացվելու, որի արժեքը միակողմանի ուղևորության համար 411 դոլար է:

Իր հերթին ոուսական «РИА Новости» լրատվական գործակալությունը ուրբաթ օրը հաղորդել է, որ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունների առաջին ուղիղ չվերթը ժամանել է Կահիրեի միջազգային օդանավակայան Ռուսաստանի Սոչի քաղաքից։ Գործակալությունը հայտնում է նաև, որ ռուսական «Ռոսիա» ավիաընկերությունը, որը «Աերոֆլոտ»-ի դուստր ձեռնարկությունն է, ապրիլին թռիչքներ կիրականացնի Սոչիից դեպի 17 արտասահմանյան ուղղություններ, այդ թվում՝ Կահիրե։ Կայքը հավելել է, որ ավիաընկերությունը ամենօրյա թռիչքներ է իրականացնելու դեպի Կահիրե տեղական արտադրության «Superjet» ինքնաթիռներով։

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական երկու ավիաընկերություններ՝ «Աերոֆլոտը» և «Ուրալ» ավիաուղիները վերջերս ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Եգիպտոս և մի շարք այլ երկրներ՝ «թռիչքների իրականացմանը խոչընդոտող հանգամանքների» պատճառով։ Բացի այդ, երկուշաբթի օրը Ռուսաստանը հայտարարեց, որ որոշել է ապրիլի 9-ից չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումները դեպի 25 երկրներ, ներառյալ՝ Եգիպտոս։ Ապրիլի 1-ին Մոսկվայում Եգիպտոսի դեսպան Նազիհ Էլ-Նաջարին հանդիպել է Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոչգուզովայի հետ, որտեղ նրանք քննարկել են Եգիպտոսի և Ռուսաստանի միջև ավիաչվերթերը վերսկսելու ուղիները՝ չնայած պատժամիջոցներին: Կահիրեում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ Էլ-Նաջարին և Դոչգուզովան քննարկել են Եգիպտոսում ռուսական «Мир» վճարային համակարգի օգտագործման հնարավորությունը՝ երկու երկրների միջև էլեկտրոնային վճարումները հնարավոր դարձնելու համար: Եգիպտոսի պաշտոնյաները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բազմիցս ասել են, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանից և Ուկրաինայից դեպի Եգիպտոս թռիչքները դադարեցնելու որոշումները մեծ հարված են հասցրել Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտին, քանի որ երկու երկրներն էլ Եգիպտոս զբոսաշրջիկների հիմնական արտահանողներն են: Ըստ Եգիպտոսում Ռուսաստանի դեսպան Գեորգի Բորիսենկոյի՝ 2022 թվականի առաջին երկու շաբաթվա ընթացքում Եգիպտոս է այցելել մոտ 125,000 ռուս զբոսաշրջիկ, իսկ 2021 թվականին Եգիպտոս է այցելել 700,000 ռուս զբոսաշրջիկ։

Ղազախստանի «Qazaq Air» ընկերությունը, որը նախկինում չեղարկել էր թռիչքները դեպի Ռուսաստան, հայտարարել է դրանց վերսկսման մասին։ «Qazaq Air ընկերությունը տեղեկացնում է, որ բոլոր կանոնավոր չվերթերը դեպի Ռուսաստան կվերականգնվեն 2022 թվականի մարտի 13-ից և հասանելի կլինեն տոմսերի ամրագրման համար»,- ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ` հայցելով քաղաքացիների ներողամտությունը 2022 թվականի մարտի 12-ին չվերթի չեղարկման հետ կապված ժամանակավոր անհարմարությունների համար։

Ինչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում: Չունենալով ծովային հաղորդակցություն և ցամաքում շրջափակված լինելով երկու կողմից, ավիահաղորդակցությունը Հայաստանի փրկօղակն է աշխարհի հետ հաղորդակցվելու համար: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում է 2 միլիոնից ավելի հայ, և նրանց հետ կապն իրականացվում է հիմնականում ավիահաղորդակցությամբ: Ավիահաղորդակցության պահպանումը ՌԴ-ի հետ միայն շուկայական խնդիր չէ։ Խիստ կարևորի է կապը ռազմավարական դաշնակից Ռուաստանի հետ: Այս փուլում պարտավոր ենք չկորցնելու Հայաստանի միակ հնարավորությունը՝ ավիահաղորդակցությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորի՝ թե´ Կառավարության, թե´ ֆինանսական կազմակերպությունների, թե´ մասնավոր ընկերությունների և թե´ դիվանագետների ջանքերը։

1099