Կա դիրքորոշման արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, և կա մեր կողմից դիրքորոշման արտահայտում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝  տարածքային վեճի շրջանակներում չենք տեսնում Հայաստան-Ադրբեջան խնդիրները, մենք էլ ասում ենք ինքնորոշման իրավունքի շրջանակներում ենք տեսնում:  Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ-ի օրերս արած հայտարարությանը:

Նա կոչ արեց հարցադրմանը գլոբալ, ընդհանուր համատեքստում նայել: «Կա կոնկրետ դեպք և այդ դեպքից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտարարություն, որն ունի մի քանի ուղղություն:  Եթե այդ հայտարարության տեքստին ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ այն ուղղված է աշխարհասփյուռ հայությանըՀՀ Ազգային ժողովին, ուղղված է Մինսկի խմբին, ՌԴ ղեկավարությանը: Այդ ամբողջ գործընթացներից, համատեքստից առանձնացնել միայն այն հանգամանքը, որ այստեղ Արցախի և Հայաստանի  իշխանությունների միջև լուրջ հակասություն կա, կարծում եմ ճիշտ չէ»,- ասաց նա:

Արամայիս Աղաբեկյանն ասաց, որ եթե փաստով արձանագրենք, այնպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը՝ հումանիտար աջակցության ծրագրերին վերաբերող, մինչ այս պահը որևէ կերպ չի փոխել իր քաղաքականությունը: «Արցախի Հանրապեությունը, չնայած սադրանքներին, դժվարություններին ամեն ինչին՝ իր վերականգնողական աշխատանքները շարունակում է նաև Հայաստանի հետ ունեցած համագործակցության արդյունքում»,- ասաց նա և նշեց, որ սա անքննարկելի և աներկբա փաստ է:

«Մնացածն արդեն Արցախի կարմիր գծերն են՝ ինքնորոշման իրավունքի իրացման պատրաստակամությունն է, հստակությունն է, որ մենք որևէ կարգավիճակ, որը ենթադրելի է Ադրբեջանի կազմ մտնել, չենք ընդունում, այդքան բան: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեկ նշաձող ներքև, մենք էլ մեր կարմիր գծերը գծել ենք»,- ասաց նա:

Արցախի պատգամավորը նշեց, որ Արցախում հիմա, ի հեճուկս մեր բոլոր թշնամիների, կյանքը շարունակվում է բնականոն հունով: «Չնայած այս ողջ գործընթացներին՝  սկսած սադրանքներից, գազատարից, արտաքին քաղաքական զարգացումներից, արցախցին պինդ իր հողին կպած է և հիմնական տրամադրվածությունը հենց այդ է՝  Արցախում ապրել ու արարել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում բողոքի ակցիաներին, ապա նա ասաց, որ դա Հայաստանի ներքաղաքական զարգացումներն են և բոլոր այն ուժերին, որոնք հետաքրքրված են Արցախի ճակատագրով և ոչ թե իրենց անձնական, մասնավոր կամ խմբային շահովև Արցախի շահի համար պատրաստ են պայքարել, իրենց ընկերներն են համարում:

943