
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կառավարության անդամներին ընդունելուն, դրական գնահատեց կարևոր մեսիջներին անդրադարձի առումով:
«Վստահ եմ, որ այս հանդիպումը դեպի լարվածության որոշակի նվազման է տանելու՝ և՛ ներքաղաքական տեսանկյունից, և՛ արտաքին»,- ասաց նա:
Արցախի պատգամավորը նկատեց, որ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության համար այս պահի դրությամբ կարևոր է խաղաղության գնալու ցանկությունը և այն, որ խաղաղության օրակարգի հարցում Հայաստանի ու Արցախի իշխանությունները համակարծիք են:
«Այստեղ շատ կարևոր էր, որ վարչապետը առանձնացրեց, որ Արցախի իշխանության կողմից խաղաղության գնալու ցանկությունը կա, միաժամանակ շեշտվեց այն կարևոր նախապայմանը, որ արցախահայությունը այն թիրախային խումբն է, որը բավականին լավ գիտի խաղաղության գինը և արժևորում է այն: Երկու կողմերն էլ կարևորեցին այն տնտեսական և սոցիալական փաթեթը, որը անվտանգային մեխանիզմների համար կարևոր երաշխիք է հանդիսանում»,-ասաց նա և նշեց, որ ավելին՝ հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման մասին է խոսվում:
«Արցախի Հանրապետության իշխանության և Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից հաստատվեց այն փաստը, որ որևէ լուծում չի լինելու ժողովրդի թիկունքի հետևում և Արցախի ժողովրդի կամքը, որոշումը լինելու է առաջնային՝ ցանկացած որևէ պայմանավորվածության, կարգավորման դեպքում»,- ասաց նա:
Անդրադառնալով միջազգային հանրության՝ նշաձողը իջեցնելու պահանջի մասին Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը՝ Արամայիս Աղաբեկյանն ասաց. «Կա դիվանագիտություն, կան արտաքին քաղաքական գործընթացներ, և դրա մեջ վարչապետի վերջին խոսքի մեջ մի քանի շտկում ու պարզաբանում եղավ, որից ամենակարևորն այն էր, որ ցանկացած կարգավիճակի քննարկման դեպքում առանց Արցախի ժողովրդի տեսակետի, համոզմունքի ինքը որևէ լուծման չի գնալու»:
Պատգամավորն ասաց, որ Ղարաբաղից էլ հստակ մեսիջ կա, որ մեզ համար ընդունելի է այնպիսի կարգավորման տարբերակ, որը որևէ կերպ Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը չի քննարկելու:
Արամայիս Աղաբեկյանն ասաց, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև տարակարծություններ կարող են լինել, դա նորմալ և բնական է, առավելևս կարևոր է, որ բոլոր մտահոգություններին անդրադարձ է եղել:
«Շատ դեպքերում Հայաստանի Հանրապետության և Ացրախի Հանրապետության միջև որոշ հարցերում շատ դեպքերում կարող է այդ տարակարծություններն էլ մեր օգտին լինեն: Այսինքն՝ միշտ չէ, որ պարտադիր կերպով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գիծը 100 տոկոսով պետք է համապատասխանի Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գծի հետ, դա պարտադիր պայման չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական բողոքի ակցիաներին, թե որքանով փրկության կարիք ունի Արցախը, Արցախի պատգամավորը նկատեց, որ երբ ամեն կերպ փորձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները գնահատելու Արցախի իշխանություններրի կողմից՝ դրսևորվել է զսպվածություն: «Երկու երկրներն էլ՝ ներքաղաքական գործընթացներին չխառնվելու երկկողմանի կոնսենսուսը պահել են»,- ասաց նա և դա ճիշտ որոշում համարեց: Նա նշեց, որ ցանկացած մեկնաբանություն կարող է օգուտի փոխարեն վնաս բերել: