
Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է հաջորդ մրցաշրջանում բաժանվել արգենտինացի խաղացողներ Մաուրո Իկարդիից, Անխել դի Մարիայից և Լեանդրո Պարեդեսից, հայտնում է Marca-ն՝ հղում անելով L'Equipe-ին:
34-ամյա Դի Մարիայի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա հունիսին, փարիզյան ակումբը չի նախատեսում երկարաձգել այն։
Պարեդեսին ու Իկարդիին ՊՍԺ-ն ցանկանում է վաճառել։ Նշվում է, որ երկու խաղացողներն էլ մեծ պայմանագրեր ունեն, և որ նրանք չեն տեղավորվում ակումբի հետագա զարգացման նախագծի մեջ։ Եթե ֆուտբոլիստներին հնարավոր չլինի վաճառել, ակումբը կարող է նրանց տալ վարձակալության։ 27-ամյա Պարեդեսի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին, Իկարդիին՝ 2024 թվականի հունիսին։
Դի Մարիան ՊՍԺ-ում է 2015 թվականից և ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Պարեդեսը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից, այս մրցաշրջանում նա 15 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։ 29-ամյա Իկարդին թիմին միացել է 2020 թվականին և այս մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։