Այսօր կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին և դրանք անհետաձգելի համարեց:
Այսպիսով նախագծով նախատեսվում է՝ 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը, պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ:
Նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք արձանագրում էինք, որ պղնձի գնի շարունակական բարձրացման արդյունքում պետական բյուջեի եկամուտները այն մակարդակի չեն, որ պետք է լինեն, և մյուս կողմից էլ ռոյալթիի համակարգի բարեփոխումները մեր օրակարագում էին, բայց որոշակի ժամանակ էր հարկավոր դրանց համար»:
Նա նկատեց, որ պղնձի գները հիմա բարձր են՝ մեկ տոննայի դիմաց 9400 դոլարի չափով, բայց գները անկախատեսելի են: Նա ասաց, որ պետք է այնպիսի նշաձողեր սահմանեն, որ երբ գները անկում ապրեն, հարկային այնպիսի համակարգ ունենանք, որն ընկերություններին հնարավորություն կտա ցածր գների պայմաններում շարունակել իրենց աշխատանքը՝ պահպանելով աշխատատեղերը, իսկ բարձր գնային պայմաններում վճարվող հարկերի թիվը էականորեն լինի ավելի բարձր:
«Մենք կարծում ենք, որ գտել ենք որոշակի բալանսավորված բանաձև, որով կկարողանանք ապահովել նաև պետական և հանրային շահը»,- ասաց նա:
Վարչապետը նաև կարևորեց, որ ՀՀ կառավարությունը շոշափելի բաժնեմաս ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և այս առումով կարծում են, որ որոշակի հավասարակշռության պետք է հասնեն, բայց տուրքը մինչև 2023 թվականի հունվարի մեկը շարունակելու է գործել, որից հետո գործելու է ռոյալթիի նոր համակարգը: