
Կարևոր է, որ Հայաստանի ղեկավարության կողմից բնութագրվեց Ադրբեջանի քաղաքականությունը՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ որպես ագրեսոր: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին և այդ համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներում արած արձագանքին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Նիդեռլանդներ կատարած իր այցին նշել էր. «Վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում, և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների»:
Ռուբեն Սաֆրաստյանը ակնհայտ համարեց, որ Ադրբեջանը այնպիսի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, որը ոչ թե հիմնվում է միջազգային սկզբունքների վրա, այլ արդեն դիվանագիտական միջոցներով է շարունակում ագրեսիվ իր քաղաքականությունը, փորձում է ստանալ առավելություններ Հայաստանի նկատմամբ, խախտում է պայմանավորվածությունները, օգտագործում է ռազմագերիների խնդիրը՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Նա կարևոր համարեց, որ ՀՀ վարչապետը այս առումով շատ փակագծեր բացեց:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ դժվար հանդիպումներ կլինեն Ադրբեջանի հետ: «Իսկապես Ադրբեջանի, Թուրքիայի հետ բանակցային գործընթացը շատ դժվար է, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել, միակողմանի առավելություններ են օգտագործում Հայաստանի վրա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելուն, ապա նա ասաց. « Իմ ընկալմամբ, հանձնաժողովը կարող է ստեղծվել և սկսել աշխատել այն պայմաններում, երբ Ադրբեջանը շատ թե քիչ վերադառնա նորմալ, քաղաքակիրթ պահվածքի, այսինքն՝ չի փորձի իր քաղաքականության մեջ օգտագործել ռազմագերիների խնդիրը, հումանիտար հարցերը: Եթե մի պետություն օգտագործում է ռազմագերիներին իր հարևան պետության դեմ, դրա հետ սահմանային խնդիրները քննարկելը պարզապես անիմաստ է»:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի՝ խաղաղության օրակարգի ճանապարհը շատ դժվար է, որովհետև խնդիրները և բազմաթիվ են, և բազմապիսի: «Ադրբեջանի ոչ կառուցողական, ագրեսիվ պահվածքը Հայաստանի նկատմամբ, երբ Ադրբեջանի ղեկավարն իր խոսքը դրժում է, այս պայմաններում շատ դժվար է այդ օրակարգը առաջ տանել, բայց, վերջիվերջո, երկընտրանք չկա, պետք է ամեն ինչ անել, որ մեր տարածաշրջանը այս սուր հակամարտությունների փուլը հաղթահարի»,- հավելեց նա: