ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Գեղարքունիքի մարզ։

Առաջին կանգառը Գավառի պետական համալսարանն էր։ Աննա Հակոբյանը ծանոթացել է մարզում միակ բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության 29-ամյա պատմությանը, ձեռքբերումներին, մարզի գիտակրթական կյանքում խաղացած դերին, միջազգային համագործակցությանը։

Վարչապետի տիկինը շփվել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Պետական համալսարանում գործում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված լսարան։

Խոսելով պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելու և նրանց առաջ մեր պարտքը կատարելու մասին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ հարգանքի լավագույն դրսևորումը հանուն մեր երկրի ամենօրյա ազիվ ու արդար աշխատանքն է: Հայրենասիրության այս ընկալումը պետք է սկսի յուրաքանչյուրից և վարակիչ դառնա մյուսների համար։

Այնուհետև Աննա Հակոբյանը շրջայց է կատարել Գավառի մարզային գրադարանում։

Այն հիմնադրվել է 1883 թվականին և այժմ ունի 81 հազար 956 կտոր գրականություն, 7 բաժին։ Վարչապետի տիկնոջ հետ հանդիպել և զրուցել են ընթերցասերները, կազմակերպել են միջոցառում, որի ընթացքում երեխաները ընթերցել են Չարենցի ստեղծագործությունները։

Գավառի մարզային գրադարան կատարած այցից հետո Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ուզում եմ հատուկ պատմել Սամվել Խաչատրյանի մասին։ Նրան հանդիպեցի Գավառի մարզային գրադարանում։ Այս երիտասարդը նախ ճշտեց` արդյոք այդ ե՞ս եմ Աննա Հակոբյանը, ապա ինքը ներկայացավ և հարցրեց. «Կարո՞ղ եմ Ձեզ համար իմ ստեղծագործությունը նվագել», ապա դաշնամուրի վրա կատարեց իր ստեղծագործությունը, որը սքանչելի էր, ապա ցույց տվեց իր նկարները և պատմեց, թե ինչ դժվարություններ է ունենում գեղանկարչության մեջ թեմատիկա ընտրելիս, ապա ինձ ուղեկցեց Գավառի երկրագիտական թանգարանի ամբողջ շրջայցի ժամանակ և նմուշների մասին մեզ պատմող տիկնոջը պարբերաբար այսպես դիմեց. «Ներեցեք, որ ձեզ ընդհատում եմ…» և իր հարցը տվեց։ Սամվելը 6 տարեկան է»,- գրել է Աննա Հակոբյանը։

Գավառի երկրագիտական թանգարանում էլ Աննա Հակոբյանը և նրան ուղեկցող հյուրերը դիտել են թանգարանի մասին պատմող տեսանյութ։

1952 թվականին հիմնադրված թանգարանում պահվում է 9 հազար 474 ցուցանմուշ, որոնք թվագրվում են հին քարե դարից մինչև նորագույն ժամանակներ։ Թանգարանն ունի հնագիտության, ազգագրության, նոր և նորագույն պատմության, դրամագիտության բաժիններ։

Գավառում Աննա Հակոբյանի այցն ավարտվեց մանկատուն այցելելով։ Վարչապետի տիկինը շփվել է երեխաների հետ, ծանոթացել մանկատան պայմաններին։ Գավառի մանկատունը հիմնադրվել է 1936 թվականին։ Այս պահին այնտեղ 55 երեխա կա։ Նրանց ակտիվ ժամանցն ապահովելու համար մանկատանը գործում են գորգագործական, համակարգչային, թատերական,  ձեռագործական, կարուձևի, երգեցողության ու պարի խմբակներ։

Օրվա երկրորդ կեսին Աննա Հակոբյանն այցելեց Գավառի Արծվաքար թաղամաս, որտեղ գործում է Միքայելյանների ընտանեկան ֆերման։ Այնտեղ արտադրվում են ավելի քան 10 տեսակի պանիրներ։ Վարչապետի տիկինը հանդիպել է Միքայելյանների հետ, ծանոթացել ֆերմայի պայմաններին։

Գեղարքունիքի մարզ վարչապետի տիկնոջ այցը շարունակվեց Սևան քաղաքում։ Աննա Հակոբյանն այցելեց Սևանի բժշկական կենտրոն, որն արդիականացվել է 2018 թվականին։ Բուժկենտրոնը վերազինված է  արդիական սարքավորումներով, գործում է 7 բաժանմունք և ունի բարձրակարգ մասնագետներ։

Սևանի բժշկական կենտրոնի ֆինանսավորմամբ գործում է նաև Ջինիշյան վերականգնողական կենտրոնը, որն այս տարվա սկզբին է բացվել։ Վերականգնողական կենտրոնում Աննա Հակոբյանին ներկայացրել են, թե ինչպիսի ծառայություններ է մատոցում բուժհաստատությունը։ Արդեն 120 մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք բժշկական ծառայություններ են ստանում։

Սևանում վարչապետի տիկնոջ այցն ընդմիջվեց «Բոհեմ» թեյարանում համայնքի ակտիվ երիտասարդների հետ հանդիպմամբ և զրույցով։

Թեյի սեղանի շուրջ քննարկում ունեցան համայնքների զարգացման կարևորության մասին։ Զրույցի ընթացքում երիտասարդներից մի քանիսը, ովքեր մասնակցել էին «Իմ Քայլը» հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրին, շնորհակալություն հայտնեցին տիկին Հակոբյանին և նշեցին, որ այսպիսի ծրագրերը շատ կարևոր են մարզերում բնակվող երիտասարդների համար։

Գեղարքունիքի մարզ Աննա Հակոբյանի այցն ավարտվեց Լճաշեն համայնք այցելությամբ։ Հյուրերը ծանոթացան նախաուրարտական մշակութային արժեքներին, Էթունի թագավորության պատմությանը, համտեսեցին տեղի խոհանոցի ուտեստները:

504