Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններում բարձրացրել է «թուրքական սադրանքների» հարցը։ Այս մասին հայտնել Է հունական լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և նրա ընտանիքին։ Հիշեցնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման 201-ամյակն է լրանում, Բայդենը շեշտել է, որ Հունաստանը ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է։

Սպիտակ տանը Բայդենի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում` քննադատական խոսքեր հնչեցնելով Թուրքիայի հասցեին։ 

Միցոտակիսը հայտարարել է, որ  Թուրքիան մշտապես խախտում է Հունաստանի օդային տարածքը, տարածաշրջանում սադրիչ դիրքորոշում է որդեգրել, և այդ պատճառով Կիպրոսի հարցում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ Թուրքիան փորձում է պարտադրել խնդիրը «երկու առանձին պետության» սկզբունքով լուծելու մոտեցումը:

Հունաստանի վարչապետի ելույթում մասնավորապես նշվել է.

 «Այստեղից պետք է ուղերձ հղենք բոլոր ավտորիտար առաջնորդներին, ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել մի հարցի, որը մեզ անհանգստացնում է վերջին 48 տարում․ Թուրքիայի իրականացրած օկուպացիան և Կիպրոսի մասնատումը... Հունաստանը միշտ բարեկամության ձեռք է մեկնում իր հարևաններին, բայց միջազգային իրավունքում կա միայն մեկ շրջանակ՝ մեր հարևանների հետ վեճերը լուծելու համար: Մենք թույլ չենք տա այնպիսի գործողություն, որը խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը և իրավունքները: Սա նաև վերաբերում է մեր կղզիների վրայով անօրինական թռիչքների իրականացմանը: Հետևաբար, տարածաշրջանին ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս,  խնդրում եմ ձեզ հաշվի առնել անկայունության վտանգը ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում:

Միցոտակիսի ելույթից հետո դահլիճում բոլորը ոտքի են կանգնել և 3 րոպե ծափահարել Հունաստանի վարչապետին։

349