Ընդդիմադիր ցուցարարները վերջին օրերին պարբերաբար բիրտ ուժ կիրառելով ոստիկանների հանդեպ փորձում են «գրոհել» Կառավարության շենքը, պնդում են` նպատակը նախարարներին իրենց հետաքրքրող հարցերը տալն ու սպառիչ պատասխաններ ստանալն է: Սրան զուգահեռ ընդդիմության ցույցերի առաջամարտիկներից Արթուր Վանեցյանն է լքում երկիրը։ Ինչպես նշում են խմբակցությունից` երկրից հեռանալու կարեւորագույն պատճառը առողջական խնդիրներն են:  Թե ինչ նպատակով է ընդդիմությունը փորձում ուժային գործողություններ սադրել, ինչու է «Ես այս հրապարակից տեղ չեմ գնա մինչեւ իշխանափոխություն չլինի» խոսքերի հեղինակ Արթուր Վանեցյանը լքում երկիրն ու արդյոք ընդդիմադիրների պայքարը կավարտվի խորհրդարան վերադառնալով` Araratnews.am-ը կփորձի պարզել քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ:

Օր-օրի ընդդիմության պայքարից տուժածների «ցուցակում» նորերն են ավելանում։ Այս անգամ հերթը Կառավարության շրջակայքը հսկող ոստիկաններին էր: Վստահ եմ` տեսել եք տեսանյութը, որտեղ երեւում  է, թե ինչպես են ցուցարարները հրում եւ քաշքշում ոստիկաններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միջադեպը, ո՞րն է ընդդիմության` ոստիկանների հանդեպ բիրտ ուժ կիրառելու պատճառը:

Ընդդիմադիրները տեսնելով, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում եւ ոչ մի կերպ չեն կարողանում վայելել հանրության հետաքրքրությունն ու աջակցությունը, փորձում են ամեն կերպ ուշադրություն գրավել: Իրենք հո գիտեն, որ միայն իրենց հատուկ ագրեսիվ գործելաոճը կհանգեցնի ինչ-որ բախումների, որով կարդարացնեն իրենք իրենց` պատճառաբանելով, թե իրենց հետ կոպիտ վարվեցին, անհամաչափ ուժ կիրառեցին, դրա համար պարտվեցին: Բայց հանրությունը, հաստատ, գիտի, որ ժամանակն աշխատում է միայն ու միայն ի վնաս նրանց: Հստակ է` իշխանությունը նրանց չի խանգարում ու չի խոչընդոտում մինչեւ վերջ խայտառակվելու գործում:

Ընդդիմությունը հայտարարել է, որ մինչեւ իշխանափոխության չհասնի, խորհրդարան չի վերադառնալու, փորձագետներն էլ ի պատասխան նշում են` այս պայքարը չի հաջողելու: Ինչ եք կարծում, նրանք այնուամենայնիվ կվերդառնա՞ն խորհրդարան:

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ ընդդիմության ներակայցուցիչներից մեկը բացակայությունները մեղմելու համար բժշկի թուղթ էր ներկայացրել, բայց ես կտրականապես դեմ եմ այդ տարբերակին: Ախր, նրանց բժշկի թուղթ պետք չի, որ իմանանք իրենց առողջականի մասին, որովհետեւ միայն հիվանդ մարդը կարող է ասել` դուրս գամ փողոց, երեք օր աղմուկ անեմ, սրան-նրան քաշքշեմ, ու իշխանությունը մեր ձեռքում կհայտնվի: Այդ իրենք չէի՞ն ասում` այս խորհրդարանի իշխող ուժը երիտասարդ է, անփորձ է, չի կարող։ Բայց մենք տեսանք, որ  իրենք իրենց փորձառությամբ խորհրդարանում ոչ հավասար, ոչ էլ ավել են նրանցից, իրենք այդքանը գիտակցում են, էլ գան` ինչ անեն: Այսքան տարի խորհրդարանում են, լեզվակռվից ու ծեծից բացի բան չենք տեսել: Իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ հստակ է` անելիք չունեն ո´չ փողոցում, ո´չ էլ առավել եւս խորհրդարանում:

Կարծիք կա, թե ընդդիմությունը սահմանադրական ճանապարհով չկարողանալով հասնել իշխանափոխության, կարող է կիրարկել «Հոկտեմբերի 27»-ի սցենարը։ Հաշվի առնելով այն քաղաքական ուժի մարտավարությունը, որն այսօր գլխավորում է այս շարժումը՝ հնարավո՞ր է նման սցենարի կրկնություն։

Փողոցում գտնվող խորհրդարանական ուժերը ընտրություններով պարտվեցին, հասկացան, որ փողոցով իշխանության գալ չեն կարող, եւ հնարավոր է, որ իրականացնեն վերջին տարբերակը` ահաբեկչություն: Ունա՞կ են իրենք ահաբեկչություն անելու, իհարկե ունակ են, չէ՞ որ դրա հարուստ փորձը ունեն: Դա է իրենց միակ շանսը, բայց զուգահեռ մի մտավախություն էլ ունեն, որ այդ դեպքում հասարակությունը կլցվի փողոց ու իրենց ուղղակի շանսատակ կանի: Հստակ է, իրենք մի դեպքում կգնան Հոկտեմբերի 27-ի կրկնությանը, եթե իմանան, որ իշխանությունը մնալու է իրենց ձեռքում: Նախորդ անգամ` հոկտեմբերի 27-ին Քոչարյանն էր չէ՞ նախագահ, ինքը վստահաբար գիտեր, որ իշխանությունը մնալու է իր ձեռքում, այ դրա համար էլ հանգիստ այդ քայլին գնաց, իսկ այսօր իրենք ռիսկի չեն դիմում միայն մի պատճառով, որովհետեւ չգիտեն իշխանությունն իրենց ձեռքում կհայտնվի թե ոչ: Պատահական չէ, որ ասում  են իշխանությունը թուրք է, սա ասում են, որ հետո թուրքին սպանելը պատվի գործ համարեն, այսկերպ են հող նախապատրաստում ահաբեկչության համար: Ահաբեկիչները գիտեք, թե ինչի են ընդունակ, գիտեք նաեւ, որ մեր երկրում կա մեծ քանակությամբ չվերահսկվող զենք, որովհետեւ մենք մի քանի պատերազմներ ենք տեսել, տեղյակ ենք, որ այդ մարդիկ ընդունակ են արյուն թափելու, այսպիսով, պետք է զգուշանալ:

Ընդդիմության ցույցերի առաջին իսկ օրվանից այդպես էլ ակցիայի կիզակետում չհայտնվեց արտահայտված լիդեր, որի հետեւից ժողովուրդը կգնա: Ըստ Ձեզ, որն է պատճառը, որ ցույցի պարագլուխներից գրեթե բոլորը միաժամանակ հայտնվել են լիդերի «դերում»:

Որպես առաջնորդ չգիտեն ում շեշտեն, որովհետեւ իրենց մեջ կա ե´ւ Ռոբերտ Քոչարյան, ե´ւ Սերժ Սարգսյան, ու այս երկուսից յուրաքանչյուրը մտածում է այսպես. կամ պետք է լինեմ ես, կամ պետք է լինի իմ թիմակիցը, իսկ եթե  իրենք եւ իրենց թիմակիցը չէ, ապա բոլորովին միեւնույն է` կունենա՞ն առաջնորդ, թե չէ: Հարգելիս, ուզում եք Նիկոլ Փաշինյանը գնա, մշակեք Նիկոլ Փաշինյանին «տուն ուղարկելու» ծրագիր, կամ գոնե կարողացեք պատասխանել, թե ինչ կանեք իր տեղում, ինչ քայլեր կձեռնարկեք «փրկելու» համար, է դա էլ չեք անում: Ընտրությունն էլ, դե պարզ է ինչու չեն ուզում, որովհետեւ վստահ են` ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությամբ իշխանության գալու որեւէ շանս չունեն:

Արթուր Վանեցյանն է անսպասելիորեն երկրից հեռացել, մինչդեռ պնդում էր, որ մինչեւ չհաջողեն ու չհասնեն իշխանափոխության` չի լքելու Ֆրանսիայի հրապարակը: Ի՞նչ եք կարծում, երկրից հեռանալու պատճառն իրոք առողջական խնդիրն էր, թե՞ «փոխուստ» էր իրականությունից:   

Ես չեմ բացառում, որ մարդ կարող է առողջական խնդիրներ ունենալ, բայց խնդիրն այլ է. եթե նման խնդիր կար, ինչու էր բավականին կատեգորիկ հնչեցնում, որ չի հեռանալու ոչ մի պարագայում: Այդ նույն Վանեցյանը չէ՞ր, որ ասում էր, եթե այս իշխանությունը չփոխվի ես խորհրդարանում անելիք չունեմ, այդ նա չէ՞ր, որ մանդատի համար միացավ Սերժ Սարգսյանին ու իր ամբողջ արածը լցրեց ջուրը: Իսկ հիմա, եթե հանկարծ ինքը մանդատից հերոսաբար հրաժարվի, իր վարկանիշն այլեւս չի վերականգնվելու, որովհետեւ նա այդ մանդատը ստանալու համար հրաժարվեց իր իսկ սկզբունքից: Սկզբում ասում էր` միանանք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հեռացնենք ավազակներին, հիմա էլ ասում է` միանանք ավազակներին, հեռացնենք Փաշինյանին:

Անձամբ ես պաշտպանում եմ հայ մարդու ընտրությունը, իսկ եթե, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ահաբեկչությամբ հեռացնելու փորձ անեն, կամ նա հեռանա, ապա մեր երկիրը վստահաբար կհայտնվի շատ վատ տեղում:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

4025