
Այսօր Երևանի ավագանին որոշում կայացրեց՝ տալ համաձայնություն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրմանը՝ համաձայն հավելվածի։
Նշենք, որ ձևավորվել է Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների համակարգման հոբելյանական հանձնաժողով: Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն՝ կիսանդրու ստեղծումը վերապահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։
Հասարակական գործիչ, մտավորական, բժիշկ, դուրյանագետ, հոբելյանական հանձնաժողովի անդամ Վահան Վարդապետյանը նշեց, որ դա գաղափարների էսքիզ է: «Այսօր Հայաստանում ժողովրդի իշխանությունն է, որի մի մասը դուք եք, և ժողովրդի իշխանությունը նաև վերադարձնում է Օհան Դուրյանին՝ Ազատության հրապարակի հարակից տարածք, և Դուրյանը մի ձեռքը պարզած ասում է՝ իմ ժողովուրդը ինձ վերադարձրել է Ազատության հրապարակ։ Իսկ մյուս ձեռքը պարզում է դեպի օպերա և ֆիլհարմոնիա և ասում է՝ բոլոր այն ոճրագործները, չարագործները, որոնք ուզեցան հեռացնել ինձ հայ մշակույթից, հանդիսատեսից, ես հավերժ հայ մշակույթի նվիրյալն ու ծառան եմ»,- ասաց նա և նշեց, որ մաեստրոյի ձեռքից պետք է հորդի երաժշտություն:
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը նշեց, որ արձանը ցույց է տալիս Օհան Դուրյանի հոգեկան ներքին պոռթկումը:
Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը (Հովհաննես Խաչատուրյան) ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Երուսաղեմում, մահացել է 2011 թ. հունվարի 6-ին՝ Երևանում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: