Հայաստանում տարերային կամ նույնիսկ խուճապային տեմպերով խաչեր են հայտնվում անընդհատ: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուր գնում ես՝ ինչ-որ մի տեղ պլաստմասից, մի տեղ երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից: Ինձ համար ակնհայտ է, որ պետք է հասկանանք ինչ է կատարվում, և հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը ուսումնասիրենք և գնահատական տանք: Քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է, և ով որտեղ ուզեց կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց կամ  իջեցրեց՝ դա մեծագույն պրոբլեմ է»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ նախնական տեղեկություն է պետք, թե ինչպես է դա տեղի ունենում: «Պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունի, քանի որ վստահ չեմ, որ նման նախաձեռնության հեղինակներին ասես Նոր կտակարանից կամ Աստվածաշնչից որևէ բան պատմի, կկարողանա պատմել: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում և շատ դեպքերում կարող եմ ասել, որ դա վարկաբեկում է և քրիստոնեությունը, և հավատը, և քաղաքաշինությունը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև, որ մեր երկրում մշակույթ կա՝ մայրուղիների երկայնքով տեղադրել խաչքարեր վթարի դեպքի առիթով: «Դե պատկերացրեք, որ բոլոր վթարների առումով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում: Կներեք, բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան: Սրանք ապապետական դրսևորումներ են, չի կարելի»,- ասաց նա և նշեց, որ  ավելի լավ է այնպես անենք, որ երթևեկության անվտանգությունը բարձրացնենք:

«Ամենայն հարգանքով, բայց պետք է չխուսափենք՝ գնանք և ապամոնտաժենք այն տեղերում, որտեղ ապօրինի ձևով է այդ ամենը արված»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ հարյուրավոր հուշարձաններ կան, որ փլուզման եզրին են, և կոչ արեց այդ հազար, հինգ հազար դրամը նվիրաբերել պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը: «Նման դեպքերում միանգամից հնչում է հարցը՝ կարո՞ղ է վատ բան ենք արել. պետք է հստակ պատասխան հնչի՝ այո, վատ բան եք արել: Հատկապես նյարդայնացնում է, որ հինգ հարյուր դրամանոց տոնածառի լույսերով… ի՞նչ, ի՞նչ ենք ուզում ապացուցել»,- ասաց նա և նկատեց, թե որքան հուշարձաններ են ավիրվում:

 

 

2108