Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ ժողովրդին հայտնի կամրջի տակ, թունելի սկզբնամասում, բախվել են Kia և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ների գազաբալոններն ու տեղում իրականացրել ուժեղացված ծառայություն։ Օպերատիվ ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկերը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Տիգրան Առաքելյանը, Վահան Գյուլամիրյանը, Նարեկ Հարությունյանն ու Գևորգ Սարգսյանը, քանի որ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

1349