Ընթացիկ տարում ամենամեծ ճանաչում ստացած արտահայտությունն այն է, որ մենք ապրում ենք ոչ սովորական ժամանակներում, բայց երբ ավելի խորն ենք նայում, առաջանում է հարց, թե երբ են ժամանակները եղել սովորական,- այսօր Վլադիվոստոկում տնտեսական ֆորումի աշխատանքների ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ մարդկության պատմությունն ընդհանրապես ոչ սովորական ժամանակների շղթա է: «Այդ պատճառով մարդկությունը որոշել է այլ բանաձեւ, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր սպառնալիքներ և բացում է նոր հնարավորություններ»,- ասաց նա, հավելելով, որ այսօր երկրների, կառավարությունների համար կարեւոր խնդիրը դա այն է, թե ինչպես ղեկավարել սպառնալիքները եւ նկատել ու օգտագործել հնարավորությունները: Ինչպես նշեց ՀՀ վարչապետը` «այս կոնտեքստում ժամանակները սովորական չեն մեր տարածաշրջանում, քանի որ այստեղ առաջանում կամ սրվում են այն մարտահրավերները, որոնք գոյություն ունեն երկար ժամանակ։ Դրանք առաջին հերթին անվտանգության հետ կապված մարտահրավերներն են»:

Փաշինյանը նկատեց, որ քանի որ ՀՀ մարտավարական գործընկերոջ` Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում իրավիճակի անկայունությանը, նշելով, որ վերջին տարիներին էլ` 2020թ. երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, այդ ժամանակ միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի ուշադրությունը սեւեռված էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խնդիրների վրա։ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ Ռուսաստանի եւ մյուս գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ Հայաստանը կկարողանա կառավարել եւ հսկողության տակ պահել տարածաշրջանում այդ իրավիճակը, ինչը շատ կարեւոր է նաեւ գլոբալ անվտանգության առումով։

 

1192