
Հայաստանը Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Երևանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Այո՛, իսկապես, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, պատասխան են հայկական կողմի առաջարկներին։ Կարելի է ասել, որ քննարկվում է առաջարկների երրորդ փուլը։ Կարծում եմ` այս պահին սխալ է դա փաստաթուղթ անվանելը։ Քանի որ սրանք հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են, ես չեմ կարող բարձրաձայնել ու հրապարակայնացնել դրանք», - ասաց Աղաջանյանը:
Նա նաև հայտնեց, որ չի բացառվում` մինչև տարեվերջ կարող է լինել Փաշինյան–Ալիև կամ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում: