«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի» «Կովկասյան բարոմետր» 2019 թ. հարցման համաձայն՝ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիների շրջանում բարձրացել է օրենսդիր և գործադիր մարմինների նկատմամբ վստահության մակարդակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2019 թ. Ազգային ժողովին վստահել է հարցվածների 39%-ը, կառավարությանը՝ 71%-ը:
2017 թվականին կառավարությանը վստահել է հարցման մասնակիցների 20%-ը, իսկ խորհրդարանին՝ 12%-ը:
«Կովկասյան բարոմետրը» Հարավային Կովկասի երկրներում տնային տնտեսությունների տարածաշրջանային հարցում է, որն իրականացվում է 2004 թվականից (2004–2010 թթ. կոչվել է «Տվյալների նախաձեռնություն»): 2015, 2017 և 2019 թվականներին հարցումներն իրականացվել են միայն Հայաստանում և Վրաստանում։ ՀՌԿԿ տվյալների ազատ հասանելիության սկզբունքին համապատասխան՝ «Կովկասյան բարոմետրի» տվյալադարանները, ինչպես նաև տվյալների առցանց վերլուծության գործիքը ազատորեն հասանելի են հետազոտողների և բոլոր հետաքրքրվողների համար։
«Կովկասյան բարոմետրի» 2019 թ. հետազոտությունն իրականացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն(ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի» կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։
Հետազոտության արդյունքներն ամփոփվել և հրապարակվել են 2020 թ. հուլիսի 30-ին: