
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերացրել է զինվորականների համար COVID-19-ի պարտադիր պատվաստումները։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը հրապարակված պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը չեղյալ է համարել 2021 թվականի օգոստոսի 24-ի հուշագիրը, որն ուղղորդում էր Պաշտպանության նախարարության իրավասության ներքո գտնվող զինված ուժերի անդամների COVID-19-ի դեմ պատվաստումը և 2021 թվականի նոյեմբերի 30-ի հուշագիրը՝ կապված Ազգային գվարդիայի և պահեստազորի անդամների պատվաստումների հետ»,- նշված է տեքստում։
Օսթինը նշել է, որ Պենտագոնը կարողացել է հաջողության հասնել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ ավելի քան 2 միլիոն զինվորականներ ամբողջությամբ պատվաստվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի խրախուսել բոլոր աշխատակիցներին պատվաստվել, քանի որ դա «բարձրացնում է մարտունակությունը և պաշտպանում զորքերը», հավելել է նախարարը։
Օսթինի հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Պենտագոնը աշխատանքից չի ազատի այն զինվորականներին, որոնք հրաժարվում են պատվաստվելուց։ Չեղարկվելու են նաև այն զինվորականների նկատմամբ նկատողությունները, որոնք չեն ցանկացել պատվաստվել։
Ըստ Associated Press-ի, ավելի քան 8400 ԱՄՆ զինվորականներ ստիպված են եղել լքել ծառայությունը COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով, հազարավորները փորձել են պատվաստումից հրաժարվելու կրոնական և բժշկական պատճառներ նշել: