«Ռուսական կողմը հայտնել է, որ նախապատրաստում է արտգործնախարարների հանդիպում, իսկ Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի, թե՝ ոչ, դա կախված կլինի տվյալ պահի իրավիճակից: Որևէ խնդիր չկա որևէ միջնորդի կողմից հանդիպումներին մասնակցելու՝ այդ թվում և ռուսական միջնորդությամբ: Արտգործնախարարությունը պատշաճ պահին, երբ հանդիպումն ավելի մոտ լինի, կտեղեկացնի»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք, եթե Լաչինի միջանցքը շարունակի փակ մնալ, հայկական կողմը կրկին կհրաժարվի սպասվելիք հանդիպմանը մասնակցելուց՝ Խանդանյանը պատասխանեեց, որ հայկական կողմը նման նախապայման չունի:

Անդրադառնալով վրացական կողմի առաջարկին, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Թբիլիսիում՝ Խանդանյանը նշեց. «Ցանկացած հարթակում հնարավոր են հանդիպումները, կարևոր է, թե ինչ օրակարգով են հանդիպում կողմերը և ինչ արդյունքներ են ակնկալվում այդ հանդիպումներից, ուստի Վրաստանի մեր գործընկերների առաջարկը ևս շատ դրական է, բայց պետք է օրակարգը հստակեցվի»:

520