Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության կառավարության նիստում նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը մի քանի կարևոր մեսիջ էր պարունակում՝ ուղղված ինչպես միջազգային հանրությանը, Ադրբեջանին, այնպես էլ արցախահայությանն ու ընդհանրապես հայ հասարակությանը։ Այս մասին mediaroom.am-ի հետ զրույցում նշեց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

«Ըստ էության կարեւորելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին ՄԱԿ միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումը՝ նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց հակամարտության կարգավորման հարցում միջազգային իրավական գործընթացի առաջնահերթությունը։ Սա իրականում չափազանց կարևոր է, քանի որ մենք պարտավոր ենք հնարավոր բոլոր խողովակներով Բաքվի հանցավոր գործողությունները օգտագործել նրա դեմ և գործնականում ապացուցել միջազգային հանրությանը իր կողմից առաջարկվող համակեցության անհնարինությունը, սա է արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և հարգման միակ ճանապարհը»,- նկատեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ուղերձում Ադրբեջանին ուղղված քաղաքական մեսիջը բավականին հստակ էր և այս առումով հատկապես կարևոր էր վերջինիս հետ որեւէ հարաբերությունների դիտարկման համատեքստում Արցախի Հանրապետության սուբյեկտայնության ընկալման անհրաժեշտության շեշտումը։

«Արցախի ժողովրդին և հայ հասարակությանն ուղղված՝ նախագահի խոսքը կարելի է առանձնացնել երկու կոմպոնենտներով. առաջինը՝ կապված հակամարտության կարգավորման բանակցային որևէ հարթակում սեփական ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Արցախի սուբյեկտայնության ճանաչելիության համար պայքարի սկզբունքայնության հետ, իսկ երկրորդը՝ պետնախարարին պաշտոնից ազատելու մասին որոշման իրական հիմքերի և դրա վերաբերյալ ամենատարբեր մանիպուլյացիոն շահարկումների հետ»,- նկատեց Ազիզյանը։

Ըստ նրա՝ չափազանց կարևոր էր այս առումով նաև Ռուբեն Վարդանյանի ելույթը, որում, կարեւորելով մեր ժողովրդի անզիջում պայքարի ոգին, վերջինս նշեց, որ անկախ որոշ հարցերի շուրջ նախագահի հետ ունեցած տարըմբռնումներից, այնուամենայնիվ ռազմավարական նշանակության հարցերում ընկալումներն ու մոտեցումները նույնական են և անկախ զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումից՝ ինքը, Արցախում մնալով, շարունակելու է գործադրել իր բոլոր ջանքերն ի նպաստ Արցախի Հանրապետության։

«Ցավոք սրտի, անկախ այս ամենից, քաղաքական անբավարարվածությամբ տառապող որոշ շրջանակներ նախագահի որոշումը փորձում են կապել Բաքվի պահանջի հետ, թիրախավորելով Արայիկ Հարությունյան անձը` իրականում խոցելով Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը։ Թերևս, վերջիններիս ամենաբնորոշ նկարագրությունը անցյալ դարում տվել էր Լենինը` մեկնաբանելով քաղաքականությունն ու ինքն իրեն»,- ընդգծեց քաղաքագետը։

729