Այս գիշեր Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է Պարեկային ծառայության աշխատակից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան ծեծի են ենթարկել և նետել տան երկրորդ հարկից: Նա գտնվում է Աշտարակի բժշկական կենտրոնում։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կատարվածի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնակարանային գողության փորձ կատարելու հատկանիշներով։

«Այդ արածաշրջանում նույն օրը այլ բնակարանային գողությունների դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ստացվել, և նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ բոլոր դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Առկա են տվյալներ, որ վերջին հիշատակված արարքները կատարել է նույն անձը։ Այդ հանգամանքը քննության առարկա է»,- նշեց նա:

Ըստ Աբրահամյանի՝ տվյալ անձն այս պահին գտնվում է Աշտարակի բժշկական կենտրոնում, նախնական տվյալով՝ ընկնելու հետևանքով կոտրվածքներ է ստացել։ Վերջինս հիվանդանոցում հսկողության ներքո է, ձերբակալվածի կարգավիճակ ունի:

964