ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մի շարք հարցեր ուղղեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

Նա մասնավորապես նշեց, որ բարդ իրավիճակ է այն առումով, որ եթե որոշակի կարգավորում լինի և այն քաղաքացիները, որոնք եկել են Հայաստան, հետ գնան՝ եկամտահարկը կնվազի։ Հետևաբար՝ դրան փոխարինող ի՞նչ ոլորտներ, ճյուղեր, արտադրություններ կան, որոնք պետք է մեկ-երկու տարվա մեջ լրացնել, որոնք ՀՀ-ում կլինեն կայուն արտադրվող  և իրացվող ապրանքներ ու կարողանան փախարինող լինել։

Հարցին ի պատասխան՝ Քերոբյանը նշեց, որ ըստ գնահատակնների՝ այն մարդիկ, որոնք բնակություն են հաստատել Երևանում և ՀՀ-ում, մոտ ապագայում չեն պատրաստվում գնալ։ «Մենք նրանց վարքագծի ամենշաբաթյա վերլուծություններ ենք անում․ այս մարդկանց թիվը ՀՀ-ում էապես չի փոխվի, մի շարք ընկերություններում աշխատակիցների թիվը շատանում է, այժմ ստաբիլ վիճակ է»,- ասաց նախարարը։

Սուքիասյանը անդրադարձավ նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական կառուցվածքին և ՀՆԱ-ին․ «Հետաքրքիր դինամիկա եմ տեսնում, սրանք շատ լուրջ աշխատելու տվյալներ են, օրինակ,  երբ նայում ենք 2016 թ․-ի և 2022թ․-ի այս երկրների ՀՆԱ-ն, այս մասին ոչ մի վերլուծություն չկա, սա էկոնոմիկայի նախարարության վերլուծությունն է. արդյոք այս երկրներում իրենց ազգային արժույթը արժեզրկվել է, արժևորվել է, որ ես իմանամ դոլարային հաշվարկով ինչքան է իրենց ՀՆԱ-ն։

Կառուցվածքի առումով բոլորիս պարզ  է՝ Ադրբեջանը նավթարդյունաբերական երկիր է, նավթի գները բարձրացել են, նրա ՀՆԱ-ն ևս, բայց նրանից ինչքան է գնացել Վրաստանին՝ որպես լոգիստիկ երկիր, որի միջոցով այդ ապրանքներն արտահանվում են և բավականին ծառայությունների մասով ավելի խոշոր է։ Մենք ո՞վ ենք, մենք ո՞ր կոճակների վրա պետք է հիմնվենք, որ դրանք տանենք առաջ, ոչ մի նման վերլուծություն չկա, ոչ մի ինստիտուտ դրա վրա չի աշխատում»։

Նշել է պատգամավորը՝ շեշտելով նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի դերի մասին․

«Հիմա ասում ենք ԵԱՏՄ․ ԵԱՏՄ-ում ինչ նոր արտադրություն անենք, որ այդ շուկայում վաճառենք, դրանք տասնյակ հազարավոր արտադրություն են, ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի պետական գնումների հարթակում 135 միլիարդ դոլար է, մենք այդտեղ ի՞նչ մաս ենք կազմում։ Մենք լուրջ արդյունաբերություն պետք է ունենանք, որը կբերի քաղաքական կայունության, եթե ունենաս հարյուրավոր, հազարավոր ձեռնարկություններ»։

Սուքիասյանը կարևորեց նաև շինթույլտվությունների հարցը. «Ինչքանո՞վ է սա վնաս տալիս ՀՀ-ին, երբ շինթույլտվություններն ուշանում են, ամիսներով մարդիկ սպասում են, որ թույլտվություն ստանան․ այն դեպքում մի քանի հազար շենք գալիս է իր օգտագործման ժամկետի լրացմանը»։ Քերոբյանը համաձայնեց Սուքիասյանի հետ՝ կապված այս խնդրի հետ՝ նշելով. «Չնայած այսօր ՀՀ-ում շինարարությունը բարձր աճ ունի, բայց, միևնույն է, մեր գնահատականներով, դեռևս մի քանի անգամ քիչ է ամեն տարի շահագործման հանձնվում»։

Սուքիասյանը հավելեց, որ ամեն ժամ պիտի տեղեկանքներ գրել  շինության և բնակմակերսի վերաբերյալ՝ շեշտելով, որ Իրաքի և Հնդկաստանի հետ պիտի համագործակցել, նրանք որպես էժան աշխատուժ կարող են գալ Հայաստան, իսկ այժմ էժան աշխատուժ չկա, քանի որ կա բնակմակերեսի խնդիր։

811