2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքում դանակահարության դեպք է գրանցվել: 

38-ամյա բնակիչը  նույն քաղաքի Միկոյան փողոցում գործող խանութ սրահում հանդիպել է նույն մարզի Գետափ բնակավայրի 32-ամյա բնակչին և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը տևել է շուրջ 20 րոպե: Իսկ հետո 38-ամյա տղամարդը, իր տանից, երկու ընկերների հետ՝ նրանցից մեկին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով, իսկ 32-ամյա տղամարդը, հիշյալ խանութի մոտից, 3 ընկերների հետ՝ «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներով, գնացել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ թեքվող դաշտամիջյան ճանապարհ, որտեղ 32 և 38-ամյա տղամարդկանց միջև վիճաբանությունը շարունակվել է:

Վերջինս իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին և վերջինիս ընկերներից մեկի ձախ ազդրի հատվածին՝ նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Ապա նա փորձել է կրկին հարվածել 32-ամյա տղամարդուն, սակայն դանակը դիպել է վերջինիս մատին, որից հետո «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Ավելի ուշ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 38-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

364