Ավագ երկուշաբթին նվիրված է աշխարհի՝ երկնքի և երկրի արարչագործությանը: Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ ասելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ., ԻԱ. 18-22)։ Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն՝ փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը՝ բարի գործերը և ողորմածությունը:

Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս. Հակոբոս առաքյալը` «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակոբ., Բ. 20)։

Ավագ երկուշաբթի օրը չորացած թզենու հիշատակն է։ Քրիստոսն Իր գործունեությամբ բոլորին բուժում էր և կյանք պարգևում, սակայն միայն մեկ անգամ նա Իր զորությունը հակառակը գործածեց և չորացրեց թզենին՝ ցույց տալու համար, որ Իր խոսքը կենդանարար է, Ինքն է կենդանացնում, բայց նաև դատում։ Քրիստոսը չորացրեց կանաչ թզենին և բուժեց չորացած ձեռքը։ Քանի որ մոտենում էին Իր չարչարանքները, Քրիստոսը թզենին չորացրեց, որպեսզի առաքյալները չմտածեին, թե Ինքն ուժերի թուլության պատճառով էր, որ չարչարանքների մատնվեց։ Քրիստոսը թզենին չորացրեց նաև ցույց տալու համար, որ Իր գալստյամբ այլևս պետք չեն թզենու տերևները, որոնցով Ադամը ծածկում էր իր մերկությունը, և որոնք ծառայում էին իբրև ամոթի և խայտառակության ծածկոց։

940