Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվում է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

«Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բոլոր բանակցություններում և հիմա էլ, բայց Արցախը ունի իր սեփական տարածքը և կարգավիճակը»,-ասաց նա:

Հարցին, թե ինքնորոշման հարցը դրվա՞ծ է, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Արցախի ժողովուրդը այլ հարց դրե՞լ է»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ համոզմունք ունի ՀՀ զինված ուժերի ապագայի նկատմամբ և նշեց, որ Արցախը մերն է՝ քանի մեր ժողովուրդն այնտեղ ապրում է: Ըստ նրա՝ Արցախը երևի ամենաանկախ պետությունն է:

«Մենք անում ենք գործողություններ, որոնք հակառակորդին հնարավորություն չեն տալիս իր մտադրությունը դարձնել իրականություն»,- ասաց նա ՝ անդրադառնալով սահմանի վերջին զարգացումներին:

734