Այսօր հերթական նիստին գործադիրի ընդունած որոշումներից մեկը վերաբերում էր մշակող արդյունաբերության ոլորտում փոքր ու միջին ձեռնարկությունների՝ նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացմանը, ինչը նաև կհանդիսանա ևս մի գործիք, որով կբարձրացվի ՀՀ ներդրումային գրավչությունը արտահանելի ճյուղերում:
Այսպիսով Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ բարձր արտադրողականությամբ նոր սարքավորումներով համալրված ձեռնարկություններ, տարեկան առնվազն 1000 նոր/չօգտագործված մեքենա-սարքավորումների ներդրում ձեռնարկություններում, մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների արտադրական տարածքների ընդլայնում, արտադրողականության և տեխնոլոգիական հագեցվածության բարձրացում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ծրագրով ֆինանսավորում են բացառապես նոր, չօգտագործված տեխնիկայի ձեռքբերումը:
«Մենք ուզում ենք տնտեսության աճի պոտենցիալը մեծանա, քանի որ անընդհատ լսում ենք մեր տնտեսագետներից, որ մեր տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելին: Այսինքն՝ իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան ինչքան կամ ինչպես աճում է, այսինքն՝ այդ առումովտնտեսությունը կարող է շնչահեղձ լինել»,- ասաց նա: