Իրանի հետ հարաբերություններում մեր գլխավոր զարգացման ուղղությունը տեսնում ենք միասին արտադրել ապրանքներ, որոնք կարող ենք վաճառել ամբողջ աշխարհում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Անդրադառնալով Ջերմուկում ընթացող աշխատանքներին` նա ասաց. «Ես շուտով լինելու եմ Ջերմուկում, որտեղ ընթանում են խոշոր ներդրումային ծրագրեր՝ հենց զբոսաշրջության ոլորտում, մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ: Այսինքն՝ քաղաքը զարգանում է, բայց մեր գլխավոր խնդիրը,- բացի անվտանգային խնդրից, որն ամենակարևորն է,- տեսնում ենք նաև ենթակառուցվածքների զարգացման մեջ, և դա վերաբերում է ոչ միայն Ջերմուկին, այլ նաև մյուս բոլոր քաղաքներին»:
Վահան Քերոբյանը խոսեց նաև լաստանավային փոխադրումների մասին և նշեց, որ նավը շաբաթական մեկ ռեյս է անում: «Այսինքն՝ եթե դուք նավի ռեյսից մեկ կամ մեկուկես օր առաջ եք ձեր բեռը առաքում, դա տեղ կհասնի նույն ժամանակ, ինչ որ եթե ավտոմեքենայով տեղափոխվի: Բայց մեր նպատակն է նաև ռեյսերի քանակը շաբաթվա ընթացքում շատացնել, որպեսզի ցանկացած պահի առաքելը լինի ժամանակի առումով համադրելի»,- ասաց նա: