Սելավները փակել են Հայաստան-Վրաստան երկաթուղին. այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, հայտնում է Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) մամուլի ծառայությունը։

Այս չորեքշաբթի գիշերը բազմօրյա հորդառատ տեղումների հետևանքով առաջացած սելավները ծածկել են Ալավերդի-Ախթալա հատվածի երկաթուղային գիծը։ Մոտ 100 մետր հատվածում երկաթուղային գծերը լցվել են հողով և ողողված ջրային հոսքերով։ Բնական աղետի հետեւանքով Հայաստանի Լոռու մարզում նշված հատվածով դեպի Վրաստանի ուղղությամբ գնացքների շարժը խաթարվել է։

Երևանից Թբիլիսի մարդատար գնացքի մեկնումը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորի տեղափոխումը ավտոմոբիլային ճանապարհով։ Այս կապակցությամբ երկաթուղային օպերատորը ներողություն է խնդրել ուղևորներից՝ պատճառված անհարմարությունների համար։

Երեկ գիշերվանից առ այսօր ՀԿԵ-ն, ՆԳՆ Փրկարար ծառայությունը և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները աշխատանքներ են տանում սելավի հետևանքների վերացման ուղղությամբ, ինչին խոչընդոտվում է ջրի և հողի անդադար հոսքը։

 

595