Չինաստանը չի կարող որևէ տեղեկություն տրամադրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան հնարավոր այցի մասին, քանի որ չի լրտեսում ԱՄՆ-ին Կուբայի բազայից։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 12-ին, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ լրտեսական գործունեությանը, որն իբր իրականացնում է Չինաստանը Կուբայից, ապա դա կեղծ տեղեկություն է։ Այս այցի հետ կապված՝ այս պահին ես որևէ տեղեկություն չունեմ, որը կարող էի տարածել»,- ճեպազրույցում ասել է նա։
Այսպիսով, դիվանագետը պատասխանել է արևմտյան հրապարակումներից մեկի լրագրողի հարցին՝ Բլինքենի Չինաստան այցի հեռանկարների և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պնդման մասին, թե Չինաստանը լրտեսում է ԱՄՆ-ին Կուբայում գտնվող իր բազայից։

Ավելի վաղ Associated Press-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, հայտնել էր, որ Բլինքենը պատրաստվում էր հունիսի 18-ին այց կատարել Չինաստան, որն ի սկզբանե նախատեսված էր փետրվարին և չեղարկվել երկնքում չինական օդապարիկի հետ կապված միջադեպի պատճառով։ 

Իսկ հունիսի 10-ին ամերիկյան Politico թերթը հոդված է հրապարակել այն մասին, որ Չինաստանն օգտագործում է Կուբայում գտնվող բազան՝ ԱՄՆ-ի մասին տեղեկություններ հավաքելու համար։ Այն պնդում է, որ ՉԺՀ-ն սկսել է օգտագործել այս հաստատությունը նույնիսկ Բայդենի իշխանության գալուց առաջ։

525