Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հատկապես վերջին շրջանում ակնհայտ պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններով, ինչի մասին բազմիցս Թուրքիայի պաշտոնական ղեկավարները հայտարարել են:  Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

«Այս փուլում սպասել, որ Թուրքիան կարող է գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ իմաստ չունի: Մինչև Ադրբեջանի պայմանների հիման վրա չլուծվի Արցախյան հիմնահարցը, Թուրքիան որևէ զիջման չի գնա Հայաստանի համար, որովհետև թուրքական վերնախավի ընկալմամբ՝ Հայաստանը պետք է գնա զիջումների, այլ ոչ թե Թուրքիան»,-ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Թուրքիայի կողմից որևէ նախանշան չկա, որ ինքը պատրաստ է հարաբերությունները կարգավորել: «Այն, ինչ մենք տեսնում ենք, ես չեմ կարծում, որ վկայում է այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: Թուրքիան սպասում է, որ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, նոր՝ թուրքական կողմից հնարավոր են քայլեր»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ մենք պետք է հասկանանք, որ ներկա փուլում Թուրքիայի ընդհանուր ռազմավարությունում Հարավային Կովկասը առաջնային նշանակություն չունի, Թուրքիայի համար ամենակարևորը այս պահին տնտեսական, ֆինանսական գործոններն են, քանի որ Թուրքիայի դրությունը այդ բնագավառում կաղում է:

Անդրադառնալով Ռուսաստանի գործոնին՝ նա ասաց, որ Ռուսաստանը և վերջին շրջանում նաև Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները, Արցախյան հիմնահարցը դիտարկում են առաջին հերթին տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից: «Հիմա Հարավային Կովկասը տարբեր մեծ տերությունների որոշակի հետաքրքրությունների կենտրոնում է  հայտնվել, Թուրքիայի նպատակն է մեր տարածաշրջանը վերցնի իր աշխարհաքաղաքական ազդեցության տակ և Ադրբեջանն էլ Թուրքիայի կողմից օգտագործվում է իր նպատակների համար»,-ասաց նա:

Թուրքագետը նկատեց, որ վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի սրացում նկատվեց, սակայն չի կարծում, որ այդ սրացումը կգնա խորացման: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը մնում է մեր ռազմավարական  գործընկերը և կարևոր է զարգացնել հարաբերությունները»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում սառեցում չի տեսնում և թեև հռետորաբանության առումով երկու կողմից էլ որոշակի քննադատություններ կան, սակայն դա չի անդրադառնում ռազմավարական մակարդակի վրա, որը կա երկու երկրների միջև:

565