Իրավագետ Արտաշես Խալաթյանը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելը դիտարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի և Մոսկվայում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպման համատեքստում:

Վերջինս հիշատակում է Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարության մեջ առկա այն կետը, որտեղ ընդգծվում էր հումանիտար ճգնաժամի թոթափման՝ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղ հասցնելու մասին: Միևնույն ժամանակ Խալաթյանը նկատում է՝ չէր խոսվում, սակայն, Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին:

«Կարող ենք եզրակացնել, որ ՌԴ-ն, ըստ էության, գիտակցաբար բավարար ջանքեր չի գործադրում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի կարգավորմանը հասնելու համար և դրա փոխարեն կիրառում է կիսամիջոցներ: Դրա նպատակն այն է, որ ցույց տա հարցի լուծման իր կարողությունը, բայց միաժամանակ հարցի լիարժեք կարգավորումը ՌԴ-ն կապում է իր պայմանների կատարման հետ, իսկ իր պայմանները Ռուսաստանի միջոցով Ղարաբաղի հարցի կարգավորումն է՝ Ռուսական պայմաններով, որի առանցքային դրույթներից մեկը «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրումն է Ռուսական անվտանգության դաշնային ծառայության վերահսկողությանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Իրավագետի կարծիքով՝ ՌԴ-ն փաստացի կիրառում է այն նույն գործիքակազմը, որը ժամանակին նացիստական Գերմանիան կիրառում էր համակենտրոնացման ճամբարներում:

«Որպեսզի մարդիկ չադապտանային իրավիճակին և իմունիտետ ձեռք չբերեին, հասցնում էին այդ իրավիճակը անտանելիության ինչ-որ աստիճանի, հետո՝ թոթափում: Օրինակ՝ սովամահ անձանց տալիս էին սնունդ, վերջիններս սովորում էին դրան, հետո նորից կտրում էին այդ մատակարարումները, և մարդիկ կրկին ընկնում էին սովալլուկ վիճակի մեջ: Նույն մարտավարությունն է կիրառվում, որի նպատակը արցախահայերի ոգին կոտրելն է և ստեղծել իրավիճակ, որ նրանք թշնամանան մայր Հայաստանի հետ՝ մեղադրելով Հայաստանին զիջումների չգնալու համար, որը թույլ կտա իրենց դուրս գալ այս իրավիճակից»,- նշում է նա:

Ըստ զրուցակցի՝ այսպիսով՝ մի կողմից սեպ է խրվում մայր Հայրենիքի երկու հատվածների միջև, մյուս կողմից ԼՂ բնակչության ձեռքով կամա, թե ակամա ՌԴ-ն փորձում է հասնել Հայաստանից այդքան ակնկալվող զիջումներին. «Սա է ամբողջ պատկերը, և այս համատեքստում չեմ բացառում, որ այսօր այդ բեռն Արցախ կհասնի, որովհետև դա տեղավորվում է այդ քաղաքականության համատեքստում և համահունչ է Լավրովի երեկվա հայտարարությանը»:

Իրավագետը նաև նկատում է՝ այնուամենայնիվ, մինչև բեռներն իսկապես ֆիզիկապես չլինեն ԼՂ-ում, չենք կարող վստահ խոսել այդ մասին. «Հակառակ պարագայում մենք կկարողանանք վստահաբար պնդել, որ ՌԴ-ն չի տիրապետում իրավիճակին և միայն փորձում է շղարշ ստեղծել՝ իբրև թե շարունակում է հարցը լուծող լինել: Բայց ես հակված եմ առաջին տարբերակին, որ ՌԴ-ն ունի մասնակցություն այս իրավիճակի՝ հումանիտար ճգնաժամի ստեղծման մեջ և գլխավոր շահառուներից է»:

Անդրադառնալով ԼՂ իշխանությունների կողմից հնչող քաղաքական հայտարարություններին՝ Խալաթյանն ասում է. «Բողոք է հղվում եռակողմ հայտարարության կողմերին, որպես Լաչինի միջանցքի փակման պատասխանատու կողմ նշվում է նաև Հայաստանը, սա ՌԴ-ի և Ադրբեջանի շահերից բխող հայտարարություն է, որովհետև դրանով լղոզվում է եռակողմ հայտարարության կատարման պատասխանատվությունը, և Հայաստանի ուսերին անգամ փոքր պատասխանատվություն այդ հարցում դնելը նշանակում է փրկօղակ Ռուսաստանի համար: Ըստ էության՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորման մեջ այսօր դե յուրե ոչ մի պարտավորություն չունի: Դրա մասին շատ լավ գիտեն և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանի ներքաղաքական ընդդիմադիր բևեռները, բայց, բնականաբար, սեփական սուբյեկտիվ շահերից ելնելով՝ այդ հարցը շահարկում են: Ցավալի է, որ այդ շահարկման սուբյեկտ է դարձել նաև Արցախը՝ դրանով վնաս հասցնելով Հայաստան-Արցախ հարաբերություններին»:

Ըստ իրավագետի՝ այն լուտանքները, սադրալից խոսույթը, որը կիրառում են ԼՂ հասարակական, քաղաքական շրջանակները Հայաստանի և հայաստանցիների նկատմամբ, չի կարող մարդկայնորեն անհետևանք մնալ:

776