
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեից վերցնել Արղության 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող անշարժ գույքը և այն ամրացնել Հակակոռուպցիոն կոմիտեին:
«Նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված է ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ-ին, նախագծով նախատեսվում է նաև դրույթ՝ վերջինիս հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու վերաբերյալ»,- նշված է որոշման հիմնավորումներում։
Որոշումը պայմանավորված է նրանով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հավելյալ 100 հաստիքային միավոր է ավելանում: Հիմնավորման մեջ նշված է, որ ներկայացված առաջարկներից Հակակոռուպցիոն կոմիտեն առավել նպատակահարմար է համարել քաղաք Երևան, Արղության 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող անշարժ գույքը։