
Շատ դրական եմ համարում երեկ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը և համարում եմ, որ հայկական դիվանագիտությունը լուրջ խնդիրներ այնտեղ ներկայացրեց: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՄԱԿ-ի ԱԽ նիստին՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։
«Սա դեռ ողջ գործընթացի սկիզբն է, և դեռ հիմնական անելիքները առջևում են, բայց լավ հիմք է դրված դրա համար: Նիստում երևաց, որ մեր դիրքորոշումը համահունչ է ԱՄՆ-ի և ԵՄ-ի, եվրոպական առանձին երկրների դիրքորոշմանը, որոնց հետ մենք խոսում ենք նույն լեզվով: Եվ բացի այն, որ հայկական դիրքորոշումն ընկալում գտավ, մենք տեսանք նաև հանձնառություն դրա համար: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ինչպես նաև Հայաստանը պահանջում են միջազգային ներկայություն Հայաստանում, թե ինչպիսին կլինի դա, իհարկե չկոնկրետացվեց, բայց հենց այստեղ է, որ ես տեսնում եմ աշխատանքի գլխավոր ծավալը»,- ասաց նա:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ մեր այսպես կոչված՝ ռազմավարական դաշնակիցը ՄԱԿ-ի մշտական անդամ երկրներից միակն էր, որը պաշտպանում էր Բաքվին:
Քաղաքագետն ասաց, որ մեր կարևորագույն նպատակներից պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքները, անվտանգությունը ապահովելը: «Սա պայքար է, լավ կպայքարենք, ճիշտ կաշխատենք՝ կստանանք այն, ինչ ուզում ենք: Ոչ միայն դիվանագիտությունը, այլև պետական ապարատը մեծածավալ ինտեգրալ աշխատանք էր տարել, որ մենք ունենանք այսպիսի ելույթ ՄԱԿ-ի ամբիոնից: Մենք լսեցինք նաև առանցքային դերակատարների ներկայացուցիչների ելույթները՝ ԱԳ նախարարների մակարդակով և դա գլխավոր ցուցիչն է, թե մեր ասելիքը տեղ հասավ, թե ոչ»,- ասաց նա: