Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարվածների հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը, սակայն այդ հարվածների նպատակը «ահաբեկչական թիրախներն» են Պաղեստինի անկլավում, և խաղաղ բնակիչների մահվան մեղավորը ամեն դեպքում ՀԱՄԱՍ-ի արմատականներն են։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցով Իսրայել ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը ձգտում է նվազագույնի հասցնել Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերը, և կրկին կոչ է արել անկլավի բնակիչներին լքել իսրայելական ուժերի հարձակումների ենթարկված տարածքները։
«Քանի որ այս պատերազմն ավելի է զարգանում, Իսրայելը կանի հնարավոր ամեն բան՝ խաղաղ բնակիչներին վնասից պաշտպանելու համար: Մենք խնդրել ենք նրանց և կշարունակենք խնդրել նրանց տեղափոխել ավելի ապահով տարածքներ», – ասել է Իսրայելի վարչապետը: