
Մենք նպատակ ունենք 2024 թվականին պահպանել 50 տոկոսից ներքև պարտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը, որը մի կողմից մեզ թույլ կտա կառավարել պարտքի սպասարկման ծանրաբեռնվածությունը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Հայաստանի համար 2024 թվականի տնտեսական աճի թիրախը շարունակում է մնալ 7 տոկոսը։ Նրա կարծիքով՝ տնտեսական աճի շարժիչ ուժը կմնա ծառայությունների ճյուղը, իսկ շարժող բաղադրիչը՝ սպառումը։
Նախարարը նշեց, որ գործընկեր երկրներում տնտեսության ակտիվության տեմպերը դանդաղել են, պղնձի, նավթի, պարենի միջազգայի գները նվազել են:
«Մեր կառավարությունը պետք է արագացնի ռեֆորմներ անելու տեմպերը, այսինքն՝ նոր արագացում պետք է վերցնենք, պետք է ապահովենք ներդրումների աճ և արտահանման շարունակվող բարձր մակարդակ»,- ասաց նա և նշեց, որ աջակցությունն ուղղված է լինելու վերամշակող արտադրությանը:
«Մեր հասարակության մեջ կա այսպիսի մի խնդիր, որ մենք անընդհատ մտածում ենք, որ մեր դժբախտությունների պատճառը փողի քանակի մեջ է, ցավոք, մեր նախարարները և նախարարություններն էլ զերծ չեն այս մտայնությունից: Բայց ինչպես ամեն տարի մենք համոզվում ենք՝ աշխատանքը ոչ ամբողջ ծավալով իրականացնելու մեղավորը փողի քանակը չէ, այլ հարցեր կան»,- ասաց նա:
Նա նշեց, որ սա ֆունդամենտալ հարց է և այս խնդիրը լուծելու համար պետք է բյուջեի կատարողականի նկատմամբ հանրության ուշադրությունը մեծացնել: