«Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, կոչ ենք անում ավելի արդյունավետ, կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպմանը մասնակցելուց։

«ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին։ Հույս ունենք՝  մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ  հնարավոր կլինի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան նստել ու կառուցողական կերպով քննարկել  խաղաղության օրակարգը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Հարցին՝ նման պայմաններում հնարավորություն տեսնու՞մ են մինչ տարեվերջ փաստաթղթի ստորագրումը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Որևէ բան չենք բացառում,  կառուցողական կերպով  առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով։ Կրկնում եմ՝ հույս ունեմ միջազգային գործընկերների միջոնորդությամբ, ջանքերով  հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել ու Ադբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ»։ 

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումները կարող են որոշակիորեն խնդիրներ առաջացնել։

«Սա դիվանագիտական ծանր դժվար աշխատանք է, որը ենթադրում է և առկա վիճակը ենթադրում է, որ պետք է շարունակենք աշխատել այն ուղղությամբ, ինչ մինչև հիմա։ Այն, ինչ ունենք հողի վրա՝ փաստաթղթեր, դիրքորոշումներ, դրանք մեզ հնարավորություն են տալիս, մեր կարծիքով, գնալ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով։ Կան խոչընդոտներ։ Եթե դրանք չլինեին, այսօր էլ միգուցե դա կնքված լիներ։ 

Այս պահին Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ էության, թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ  նվազագույնը մեր դիվանագիտությունը, մեր պետության արտաքին քաղաքականությունն այդ առումով շատ ճիշտ ուղղությամբ է գնացել մինչև հիմա»,- ասաց Պապոյանը։ 

358