Ամենամեծ ձեռքբերումը պետք է համարեմ ժողովրդավարությունը և Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի իմիջի հաստատումը միջազգային շրջանակում: Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:
Նա նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում շատ են հարցնում, թե երկրի դիմադրողականության գաղտնիքը որն է: «Սա նշանակում է, որ կողքի հայացքից մենք ահագին դիմադրողական պետություն ենք»,- ասաց նա և նաև նշեց, որ շարունակվում է տնտեսական աճը և 2018 թվականից մինչ հիմա 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցին՝ նա ասաց. «Եթե Հայաստանի շահերից բխող որևէ որոշում կայացնելու հետ կապված քաղաքական կամքի բացակայություն լիներ, հենց թեկուզ ՀԱՊԿ-ի համար, նույնիսկ այն հայտարարությունները, վերապահումները չէինք անի: Մենք կողմնորոշվելու ենք Հայաստանի պետական շահերով և եթե այս պահին որևէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք՝ Հայաստանի պետական շահն է: ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործունեությունը չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած պարտավորությունները, այսինքն՝ այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին: Մենք ուզում ենք մինչև վերջին հնարավորությունը՝ անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար, եթե այս ճանապարհին սպառված համարենք ամբողջ պոտենցիալը, մեր հանրությունը հարցնելու է ավելի ուժեղ: Եթե ՀԱՊԿ անդամ լինելով չենք կարողանում անհրաժեշտ աջակցությունը, սպառազինությունը, քաղաքական աջակցությունը ստանալ, մյուս կողմից՝ ուրիշ տեղերից աջակցություն ստանալու և համագործակցելու համար ՀԱՊԿ անդամ լինելը անհաղթահարելի արգելք է»,- ասաց նա և նշեց, որ մենք պետք է մեր շահերից ելնելով որոշումներ կայացնենք:
Ինչ վերաբերում է «հինգերորդ շարասյանը», Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հինգերորդ շարասյան ամենակարևոր հոգեբանական նրբությունը այն է, որ մտածողությունը բավարար լրջությամբ չի վերաբերվում սեփական պետականությունը:
«Հայրենիքը պետությունն է, ուրիշ հայրենիք չկա, հայրենիքը 29800 քառակուսի կմ տարածքն է, պետությունն է, և եթե մենք մեր հայրենիքը սիրում ենք, պետք է ուժեղացնենք պետությունը: Նույնքան կարևոր է ոչ միայն հինգերորդ շարասյունը արմատախիլ արվի, այլև հող չլինի հինգերորդ շարասյուն-մոլախոտի աճի համար»,- ասաց նա: