ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց։
«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի» տնօրեն Բագրատ Աղաջանյանը Araratnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ արդեն իսկ համապատասխան միջոցներ ձեռնարկվել են ձյան մաքրման աշխատանքները պատշաճ կատարելու համար․ «Մեքենաներն ամբողջովին` աշխատողներով հանդերձ՝ մեզնից սկսած պատրաստ ենք, բայց այնուամենայնիվ բնության դեմ ոչ մեկս ի զորու չենք․ մենք պատրաստ ենք ձյանը, իսկ ինչ քանակի տեղումներ կլինեն՝ ոչ մեկս չենք կարող ասել։ Աղով հագեցված ենք, կուտակումները տեղաբաշխված են, վարչական շրջաններում պահեստավորված»։
Աղաջանյանը հայտնեց, որ կազմակերպությունը 562 աշխատակիցներ ունի, որ կմոբիլիզացվեն առաջնահերթ փողոցների մաքրությանը, իսկ բակերի մաքրությունը դա համատիրությունների խնդիրն է․ «Մեզ աջակցելու են «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից՝ մաքրելով վերնանցումները, գետնանցումները, թեքահարթակները, այգիներ և պուրակներ տանող ճանապարհահատվածները»։
Դիտարկմանը, որ Երևանի բարձրադիր գոտիներում հաճախ ձնամաքրումից դժգոհ են քաղաքացիները, հատկապես մայթերի դեպքում, Աղաջանյանը հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ և օբյեկտ պարտավոր է տարվա ցանկացած եղանակին՝ իր տարածքը բարեկարգել և մաքուր պահել․ «Բնակիչների բողոքը կապված է նրա հետ, որ կլինի սուպերմարկետ թե այլ տնտեսվարող՝ չի մաքրում իր տարածքը, իսկ 562 հոգին բոլորս գիտենք, որ Երևանի տարածքի համար բավականին քիչ թվաքանակ է։ Աղով մշակում մեր աշխատակիցներն անում են, որից հետո հալում է ձյունը և այդ օրը բողոք չի լինում, սակայն ցրտից հետո որոշակի չափով մնացած հալած ջուրը սառում է։ Դրա համար բնակիչները հաճախ ասում են՝ չենք մաքրել։ Բայց բնակիչները չեն տեսնում, որ գիշերվա ժամը 2-ին կամ 5-ին, այդ սառնամանիքին մեր աշխատողները գտնվում են դրսում՝ մաքրում մայթային տարածքներ»։
Աղաջանյանը նշեց՝ երբ համատիրությունները կամ տնտեսվարողները անգործության են մատնվում՝ բեռը ԵԱՍՄ հիմնարկի ուսերին է դրվում․ «Այսինքն՝ չնայած քիչ լինելուն՝ մեր աշխատողները այլ վարչական շրջաններից ներգրավված աշխատակիցների հետ բարձրադիր գոտիներում բակ առ բակ մաքրում են մայթային հատվածները։
Նա հավելեց, որ իր տեղեկություններով՝ բոլոր տնտեսվարողները տարբեր վարչական շրջաններում ծանուցված են և եթե, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բոլորն իրենց տարածքը մաքրեն՝ շատ քիչ հատվածներ կլինեն մաքրելու՝ ապահովելու քաղաքացիների տեղաշարժը․ «Կատեգորիկ ոչինչ չեն անում և բեռը մնում է մեզ վրա, հետո քաղաքացիները բողոքում են՝ ստացվում է մեր հիմնարկը չի աշխատում։ Ես պատրաստ եմ թեկուզ գիշերը դուրս գալ և լրատվամիջոցներին ցույց տալ, թե որ վարչական շրջանում ինչ աշխատանք է իրականացվում»։
Գեղամ Ադյան