Մենք ստեղծում ենք մարմին, որը՝ անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարող է թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանքատեսակ ներմուծի Հայաստան: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին, որն առաջին ընթերցմամբ ներկայացնում էր ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«Օրինակ՝ Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, իրենց կաթնամթերքը գալիս է մեզ մոտ, այս նախագծով այդ հարցը կլուծվի»,- նկատեց պատգամավորը:

Փոխնախարարը նշեց, որ նախագիծը կերային հավելումների մասին է, կարգավորվում է  իրավական դաշտը: «ԵԱՏՄ կանոնակարգով պետք է անդամ պետություններում գրանցված լինի տվյալ արտադրանքը, որպեսզի թույլատրվի ներմուծվել, տվյալ պահին չի ներմուծվում և սահմանին կայանած են բեռները, այս նախագծով կարգավորվում է  այդ հարցը»,- ասաց նա և նշեց, որ կաթի հետ կապված կարգավորումը այս նախագծով չի նախատեսվում:

 

360