Բելառուսը ժամանակակից սպառազինություն է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին, թեև Մինսկն ու Երևանը դաշնակիցներ են և միասին պատկանում են ՀԱՊԿ անվտանգության դաշինքին՝ Ռուսաստանի հովանու ներքո՝ գրում է  Politico-ն՝ հղում անելով բելառուսական կողմի դիվանագիտական ​​ու ռազմական փաստաթղթերի արտահոսքին։

Ըստ պարբերականի՝ փաստաթղթերի այս խումբը նոր լույս է սփռում այս շաբաթ Հայաստանի կայացրած որոշման վրա, որով հայտարարվեց, որ երկիրը դուրս կգա ռազմական այս դաշինքից. դրամատիկ շրջադարձ, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերը նախկին Խորհրդային Միության երկրների շրջանում։

«Ավելի քան մեկ տասնյակ նամակներից, դիվանագիտական ​​նոտաներից, բեռնաթերթերից և արտահանման անձնագրերից բաղկացած փաստաթղթերի փաթեթը ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին։

Բաքվին առաջարկվող ծառայությունները ներառում էին հին հրետանային տեխնիկայի արդիականացում և էլեկտրոնային պատերազմի և անօդաչու համակարգերի համար օգտագործվող նոր ռազմական տեխնիկայի տրամադրում»,- ասված է հոդվածում։

Ըստ  Politico-ի՝ փաստաթղթերը ներառում են բելառուսական զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են հրետանին թիրախավորող նորագույն սարքավորումների պատվերներին՝ նախատեսված Ադրբեջանի համար, ինչպես նաև երկու պետությունների նամակագրությանը Ադրբեջանի զինված ուժերի համար դրոնների դեմ կիրառվող «Գրոզա-Ս» շարժական կայաններ գնելու համաձայնության մասին։

Պարբերականի կողմից դիտարկված դիվանագիտական ​​ուղերձներից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի ապաօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաև բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում»։

«2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին հայկական տարածք՝ գրավելով կարևոր ռազմավարական բարձունքները։ Այնուհետև Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, սակայն ավելի ուշ դաշինքին մեղադրեց իր պարտավորությունները չկատարելու մեջ այն բանից հետո, երբ փաստերը պարզելու համար վերջինս միայն առաջարկեց պատվիրակություն ուղարկել:

Չնայած թղթի վրա Հայաստանի դաշնակից լինելուն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որակել էր որպես «իրենց մարդը» և ասել, որ «սխալ» կլինի, որ ՀԱՊԿ-ն ընդդիմանա նրան: Ալիեւն իր հերթին 2022 թվականին ասել էր, որ «ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»,- ասված է հոդվածում։

Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, Բելառուսը` Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից մեկը, դժվար թե գործեր առանց Կրեմլի լուռ աջակցության: «Սա իսկապես ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինի նման ընկերներ ունեցողը թշնամիներ ունենալու կարիք չունի», - Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի գիտաշխատող Իվանա Ստրադների խոսքերն է մեջբերում պարբերականը,- «Ծիծաղելի է կարծել, որ այդ փոխանցումները կարող էին կատարվել առանց Մոսկվայի իմացության, և որ Ռուսաստանը չէր կարող կանխել այն, եթե ցանկանար», - հավելել է Ստրադները: 

Մանրամասները՝ այստեղ։

 

 

 

 

272