ԱՄՆ-ն և Չինաստանը մարտին վերսկսել են միջուկային զենքի շուրջ ոչ պաշտոնական բանակցությունները՝ 5 տարվա ընթացքում առաջին անգամ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով հանդիպմանը ներկա ամերիկացի պատվիրակներին։ 

Այս շփումները կազմակերպել է Հավայան վերլուծական կենտրոնի Pacific Forum-ի նախագահ Դեյվիդ Սանտորոն։ Դրանց ամերիկյան կողմից մասնակցել են մի քանի նախկին պաշտոնյաներ և հետազոտողներ, իսկ չինական կողմից՝ գիտնականներ և վերլուծաբաններ, այդ թվում՝ պաշտոնաթող զինվորականներ։ 

Ինչպես նշում է գործակալությունը, խորհրդակցությունների ժամանակ չինական պատվիրակության ներկայացուցիչները վստահեցրել են, որ Չինաստանը չի դիմի միջուկային զենքի կիրառման սպառնալիքների Թայվանի հետ կապված հակամարտության դեպքում։

«Նրանք ամերիկյան կողմին վստահեցրել են, որ կարող են հաղթել Թայվանի շուրջ սովորական առճակատման ժամանակ՝ առանց միջուկային զենքի կիրառման»,- հայտնել է գիտնական Դեյվիդ Սանտորոն՝ «Track Two»-ի (Երկրորդ ուղու դիվանագիտություն) բանակցությունների ամերիկացի կազմակերպիչը։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ իր աշխատակազմը գիտեր այս խորհրդակցությունների մասին, սակայն չի մասնակցել դրանց։ Ամերիկյան արտաքին քաղաքականության վարչությունը նման շփումներն օգտակար է համարել, սակայն ընդգծել է, որ դրանք չեն կարող փոխարինել պաշտոնյաների հանդիպումներին։

497