Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարություն է արել Թուրքիայի Կայսերի քաղաքում հակամիգրանտների բողոքի ակցիաների վերաբերյալ։

 «Նման պահվածքը հարիր չէ մեր մարդկային արժեքներին, մեր անվտանգության ուժերի միջամտության ժամանակ 67 հոգի բերման են ենթարկվել»,- նշել է նա։

Գիշերը թուրքական Կայսերիում միգրանտների ջարդեր են տեղի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անկարգությունների պատճառ են դարձել լուրերն այն մասին, որ սիրիացի տղամարդը բռնաբարել է 6-ամյա երեխայի։

Տեղի բնակիչները դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արտաքսել գաղթականներին։ Նրանք վանկարկել են «Էրդողան, հրաժարական տուր» կարգախոսը՝ դրանով իսկ բողոքելով թուրքական իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ։

Բողոքի ցույցերը վերածվել են ջարդերի. ցուցարարները հարձակվել են միգրանտների վրա` ջարդուփշուր անելով ու հրկիզելով սիրիացիների տները, խանութներն ու մեքենաները։

Կայսերիում իշխանությունները լրացուցիչ ոստիկանական ուժեր և հատուկ տեխնիկա են բերել անկարգությունները կանխելու համար։ Ջարդերը փորձել են ցրել ջրցան մեքենաների միջոցով։

 

422